ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրենին

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրենին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նոյեմբերի 21-ին ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Ինգիբյոր Սոլրուն Գիսլադոտիրին։

Առաջին անգամ Հայաստանում գտնվելու կապակցությամբ ողջունելով տիկին Գիսլադոտիրին՝ գլխավոր դատախազը արժևորել է ԺՀՄԻԳ-ի հետ տարբեր ուղղություններով ծավալված համագործակցության կուտակված հարուստ փորձը, հատկապես անցնող տարվա ընթացքում կայացած համապետական ընտրությունների բնականոն, ժողովրդավարական ընթացքն ապահովելու շրջանակներում ունեցած ակտիվ, կառուցողական շփումները: Արթուր Դավթյանը կարևորել է տիկին Գիսլադոտիրի այցը հատկապես սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝ դատական և դատախազական համակարգերում ընթացող օրենսդրական լուրջ բարեփոխումների ներկայիս շրջանում և վստահություն հայտնել, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ հետագա համագործակցությունը կընդգրկի նաև դրանց կենսագործմանն աջակցությունը: Ներկայացվել է վերջին շրջանում քաղաքացիների հիմնարար, կոնվենցիոնալ իրավունքների պաշտպանության քրեադատավարական մեխանիզմները կատարելագործելու ուղղությամբ ՀՀ դատախազության կողմից իրականացված աշխատանքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրենն իր գոհունակությունն է հայտնել իրավունքի գերակայության ապահովման ուղղությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումների կապակցությամբ: Նա համոզմունք է հայտնել, որ դրանք կնպաստեն ինչպես դատախազության գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ ստանձնած հանձնառությունների կատարման գործընթացում Հայաստանի հետագա ձեռքբերումներին:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել մի քանի կոնկրետ ուղղություններով համագործակցությունը սերտացնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում