Երևանում կխստացվի հսկողությունն անչափահասներին ծխախոտ ու ոգելից խմիչք վաճառելու դեպքերի նկատմամբ

Երևանում կխստացվի հսկողությունն անչափահասներին ծխախոտ ու ոգելից խմիչք վաճառելու դեպքերի նկատմամբ

Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում, անդրադառանալով անչափահասներին ծխախոտ ու ոգելից խմիչք վաճառելու խնդրին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանը, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է, համագործակցելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ, ուժեղացնել հսկողությունն այս ուղղությամբ և ակտիվացնել իրազեկման աշխատանքները: 

«Մենք բազմիցս առիթ ենք ունեցել անդրադառնալու այս խնդրին: Օրենքի սահմաններում քայլեր են ձեռնարկվել ինչպես անչափահասներին ծխախոտ ու ոգելից խմիչք վաճառելու դեպքերը բացառելու, այնպես էլ իրավախախտ տնտեսվարողներին տուգանելու ուղղությամբ:

Թեև աշխատանքները կրում են շարունակական բնույթ, բայց կարծես թե դրանք բավարար չեն և հարկավոր է ուժեղացնել հոսկողությունն ու իրազեկման աշխատանքներն այս ուղղությամբ: Ըստ այդմ, քաղաքային ոստիկանության հետ ձեռնարկեք համապատասխան միջոցներ՝ կազմակերպելով շրջայցեր համապատասխան օբյեկտներ: Մեկ անգամ ևս զգուշացրեք տնտեսվարողներին, որ օրենքը խախտելու դեպքում կենթարկվեն վարչական պատասխանատվության»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում