Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը պաշտոնական ընդունելություն է կազմակերպել ի պատիվ միջազգային գիտաժողովի մասնակիցների

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը պաշտոնական ընդունելություն է կազմակերպել ի պատիվ միջազգային գիտաժողովի մասնակիցների

Հռոմում անցկացվող «Ժամանակակից անհատների հոգևոր-իրավական պահվածքի մարտահրավերները և դրանց հաղթահարման հրամայականները» թեմայով միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով Իտալիա է այցելել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը: Գիտաժողովը կազմակերպվել էր «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի և Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության իրավասության տակ գտնվող Քահանայապետական արևելյան ինստիտուտի հետ: 

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Նոյեմբերի 18-ին՝ երեկոյան Հռոմի Կոլոննա պալատի «Կարդինալի դահլիճում» Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի անունից պաշտոնական ընթրիք տրվեց՝ ի պատիվ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի և միջազգային գիտաժողովի մասնակիցների: Ընթրիքին ներկա էր նաև Սուրբ Աթոռի օրենսդրական տեքստերի քահանայապետական խորհրդի նախագահ (Սուրբ Աթոռի արդարադատության նախարար) կարդինալ Ֆրանչեսկո Կոկոպալմերիոն, որի օրհնությամբ էլ սկսվեց երեկոն:

Երեկոյի ընթացքում «Կոմունիոնե է Լիբերացիոնե» կաթոլիկ հեղինակավոր շարժման կողմից հյուրերին ներկայացվեց Ֆրանցիսկոս Պապի հավանությանն արժանացած #StandTogether – A shared project for Christian minorities վեբ կայքի ստեղծման նախաձեռնությունը, որի նպատակն է աշխարհում սփռված քրիստոնյա փոքրամասնությունների մասին համապարփակ տեղեկություններ հաղորդել և անդրադառնալ նրանց հուզող հարցերին: Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունն այդ նախաձեռնության ջատագովներից է:

Երեկոն եզրափակվեց հայկական դուդուկի կատարումներով:

Ընթրիքին մասնակցում էին նաև Սուրբ Աթոռում հավատարմագրված դեսպաններ, Սուրբ Աթոռի Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչներ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում