Մոնթեի պատգամն էր պայքարել, սիրել հայրենիքը, լինել ազնիվ ու անվախ. Դիլիջանում պաշտոնապես բացվեց ռազմամարզական վարժարանը

Մոնթեի պատգամն էր պայքարել, սիրել հայրենիքը, լինել ազնիվ ու անվախ. Դիլիջանում պաշտոնապես բացվեց ռազմամարզական վարժարանը

Դիլիջանում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացումը կայացավ Հայաստանի և Արցախի ազգային հերոսի 60-ամյակի նախաշեմին: Միջոցառմանը ներկա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց վարժարանի սաներին կարևոր իրադարձության առիթով: Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ով նաև վարժարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է, Ներսես Շնորհալու աղոթքով սկսեց իր ելույթն ու նկատեց՝ պատահական չէ, որ վարժարանը տեղակայված է սահմանապահ Տավուշում:

«Մոնթե Մելքոնյանի անունն ու նրա ծննդյան տարեդարձով պայմանավորված վարժարանի վերաբացումը կարևոր հանգրվան է մեր հաղթանակների երթի ու շարքի մեջ: Սա կարծես մի նոր լեռնացած իրականություն, մի նոր լեռնացած ճշմարտություն է, որ գալիս է ձեր միջոցով վկայելու մեր հավիտենականության մասին»,-ասաց Բագրատ Սրբազանը: Դիմելով սաներին՝ Տավուշի թեմի առաջնորդն ասաց, որ այսօր նրանց ճախրանքի նոր սկիզբն է: «Թև տվեք այդ ճախրանքին, լցրեք մեր կյանքը հաղթանակներով: Դուք գալիս եք համալրելու հայոց բանակի շարքերը, որպես ապագայի սպաներ»,-ավելացրեց Սրբազանը:

Վարժարանի շրջանավարտ, ՀՀ ԶՈՒ 1-ին ԲԿ հրամանատարի տեղակալ Ալեքսանդր Ցականյանի խոսքով՝ ազգային ազատագրական յուրաքանչյուր պայքար ծնում է իր հերոսներին, ովքեր իրենց հոգում ու մտքում կրում են ժողովրդի իղձերն ու երազանքները: «Այդպիսի ծնունդ է Մոնթեն: Չունենալով զինվորական կրթություն՝ նա լավագույնս էր ղեկավարում մարտական գործողություններն ու համակարգում տարածաշրջանի պաշտպանությունը»,-ասաց նա: Մոնթե Մելքոնյանի պատգամն էր պայքարել, սիրել հայրենիքը, լինել ազնիվ ու անվախ: Նա, հանդես գալով վարժարանի բոլոր շրջանավարտների անունից, նշեց, որ վարժարանն ամրացնում է այնտեղ սովորողների կամքը, օգնում ընտրել կյանքի լավագույն ճանապարհն ու ծառայել սեփական ժողովրդին: «Այս վարժարանում գտել ենք կյանքի ուղեկից լավագույն ընկերների, ովքեր դժվարին պահին օգնում են հաղթահարել դժվարությունները: Վարժարանում ուսուցման տարիները անհոգ ու անվտանգ մանկության տարիներ են, որն ապահովում են վարժարանի հրամանատարությունն ու ուսուցիչները՝ մեր ավագ ընկերները»,-ավելացրեց Ալեքսանդր Ցականյանը:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կրթություն են ստանում ավագ դպրոցի՝ 10, 11 և 12-րդ դասարանների աշակերտները: Ներկայում սովորողների թիվը 190 է, նրանցից 94-ն ընդունվել են այս տարի: Աշակերտները Հայաստանի տարբեր մարզերից են: Վարժարանում կրթությունն իրականացվում է հանրակրթական ծրագրով, առաջիկայում նախատեսվում է անցում «Արարատյան բակալավրիատ» հայալեզու և միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագրին: Ամբողջովին նոր, միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող վարժարանում ստեղծված են հրաշալի պայմաններ՝ ուսումնառության և ժամանցի համար։ Մասնավորապես՝ սաները տեղավորվելու են 3-4 հոգանոց, ջեռուցվող, օդափոխվող, առանձին լոգասենյակներով հարմարավետ սենյակներում։ Վարժարանում գործում են ժամանակակից վարժասարքերով հագեցած մարզադահլիճներ, կառուցված են լողավազան, ֆուտբոլի, բասկետբոլի և մեծ թենիսի խաղահրապարակներ։ Մատուցվում է որակյալ սնունդ՝ բարձրակարգ ճաշարանում։ Վարժարանը հոգում է սաների կեցության, սննդի և հագուստի ծախսերը։ Կրթական պրոցեսը երկուշաբթիից-ուրբաթ է, հանգստյան օրերին սաները կարող են մեկնել տուն կամ մնալ վարժարանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում