Բելառուս խորհրդարանականը կարեւորել է Հայաստանի հետ ՀՁ-ների ստեղծումը. Արա Բաբլոյանն ընդունել է Բոլեսլավ Պիրշտուկին

Բելառուս խորհրդարանականը կարեւորել է Հայաստանի հետ ՀՁ-ների ստեղծումը. Արա Բաբլոյանն ընդունել է Բոլեսլավ Պիրշտուկին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, Էդուարդ Շարմազանովը խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է երկու երկրների Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ հայ եւ բելառուս ժողովուրդների բարեկամությունը խոր արմատներ ունի: Արա Բաբլոյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների հարաբերությունների ընդլայնման գործում: Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաեւ միջազգային կառույցներում արդյունավետ համագործակցությանը:

Նա նշել է, որ համագործակցելով ԵՄ հետ՝ Հայաստանը պատրաստ է հնարավորություններ ստեղծել իր ԵԱՏՄ գործընկերների համար՝ բացելով դռները նոր շփումների եւ արդյունավետ փոխգործակցության առջեւ:

Արա Բաբլոյանի խոսքով՝ մեր երկրները շուրջ ութսուն պայմանագիր եւ համաձայնագիր են ստորագրել, մասնավորապես, տնտեսության, առեւտրի, գիտության, առողջապահության եւ գյուղատնտեսության բնագավառներում համագործակցությունը խթանելու նպատակով: ԵԱՏՄ հարթակը նոր հեռանկարներ է բացում անդամ երկրների առջեւ:

Բոլեսլավ Պիրշտուկը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նույնպես արդյունավետ է գնահատել միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը եւ նշել, որ թեեւ տնտեսական համագործակցությունը խորհրդարանական տիրույթում չէ, սակայն մեծ է ցանկությունը նպաստելու առեւտրատնտեսական կապերի աշխուժացմանը: Բելառուս խորհրդարանականը մասնավորապես կարեւորել է համագործակցությունը համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ, անասնաբուծության, տրանսպորտի ոլորտներում: Անդրադառնալով զբոսաշրջությանը՝ Բոլեսլավ Պիրշտուկը նշել է, որ պետք է իրազեկել քաղաքացիներին, կազմակերպել ճանաչողական փոխայցեր:

Անդրադառնալով համագործակցության զարգացման հեռանկարներին՝ Բոլեսլավ Պիրշտուկը նշել է, որ անհրաժեշտ է փոխլրացնել միմյանց՝ ընդլայնելով շփման շրջանակները եւ փոխգործակցության բնագավառները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում