Չինաստանի Ցինտաո քաղաքում բացվել է ՀՀ համագործակցության գրասենյակ

Չինաստանի Ցինտաո քաղաքում բացվել է ՀՀ համագործակցության գրասենյակ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանի և ՉԺՀ-ում ՀՀ առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանի՝ ՉԺՀ Ցինտաո քաղաք կատարած այցի շրջանակներում նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ հանդիպում «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ինովացիոն համագործակցության կենտրոնի նախագահ Լու Ճանգի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Նույն օրը տեղի ունեցավ ՀՀ համագործակցության գրասենյակի բացման արարողությունը, որն ազդարարվեց ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի, Արդյունաբերողների և գործարարների միության և «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ինովացիոն համագործակցության կենտրոնի միջև պայմանագրերի ստորագրմամբ: Համագործակցության պայմանագիր ստորագրվեց նաև ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության և «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ինովացիոն համագործակցության կենտրոնի միջև:

«Մեկ գոտի մեկ ճանապարհ» ինովացիոն համագործակցության կենտրոնի հետ ՀՀ համագործակցության գրասենյակի բացման վերաբերյալ շուրջ կես տարի տևած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ հայկական կողմից գրասենյակի գործառույթները իրականացվելու են ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի և Արդյունաբերողների և գործարարների միության կողմից: Գրասենյակի գործառույթները տարածվելու են Չինաստանի հյուսիսային հատվածում՝ ընդգրկելով 19 նահանգներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում