Լեոնիդ Ազգալդյանը Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատարներից էր. ՀՀ Նախագահ

Լեոնիդ Ազգալդյանը Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատարներից էր. ՀՀ Նախագահ

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-ամյակի առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի ուղերձում ասվում է.

«Շնորհավորում եմ Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ:

Նա Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատարներից էր, որ իր գործունեությամբ, պայքարով ու նահատակությամբ գրել է մեր ժողովրդի պատմության հերոսական էջերից մեկը: Նրա ղեկավարած «Անկախության բանակ» և «Ազատագրական բանակ» կամավորական ռազմական կառույցները նշանակալի դեր են խաղացել Հայաստանի սահմանների և Արցախի պաշտպանության գործում:

Արցախի մասին նրա հնչեցրած արտահայտությունը վաղուց մեզ համար դարձել է թևավոր խոսք ու կարգախոս. «Սա Հայաստան է և վերջ»: Այս կարճ բանաձևի մեջ խտացված են Լեոնիդ Ազգալդյանի՝ ճշմարիտ հայրենասերի, լուրջ գիտնականի և տաղանդավոր կազմակերպչի ողջ գաղափարախոսությունն ու դիրքորոշումը, նրա իմաստալից կյանքի և իմաստավոր անմահության ողջ ուղին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում