Հանրապետության հրապարակի հետիոտնային անցումներում արհեստական անհարթություններ կկիրառվեն

Հանրապետության հրապարակի հետիոտնային անցումներում արհեստական անհարթություններ կկիրառվեն

Հանրապետության հրապարակի հետիոտնային անցումները 2018 թվականին ասֆալտի մակերեսից 5-10 սանտիմետր բարձր կլինեն: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ասաց, որ կարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում հետիոտների անվտանգությունը բարձրացնելու նպատակով 11 լուսացույցով չկարգավորվող հետիոտնային անցումներ կազմակերպվել են արհեստական անհարթությունների վրա, որոնք կահավորվել են համապատասխան ճանապարհային նշաններով: «Տվյալ կերպ տրանսպորտային միջոցներն այդ հատվածներին հասնելիս կիջեցնեն արագությունը, իսկ հետիոտների համար ավելի անվտանգ կլինի հատել երթեւեկելի գոտին»,-ասաց նա:

Խոսելով ոլորտում կատարված բարեփոխումներից՝ ՀՀ ՃՈ պետն ասաց, որ տրանսպորտային միջոցների կուտակումներից և խցանումներից խուսափելու նպատակով Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Պլաստմասայե պահպանապատերից կառուցված եռանկյունաձև անվտանգության կղզյակի շնորհիվ Բաղրամյան պողոտայով Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար լուսացույցը և տվյալ հատվածի հետիոտնային անցումը մոտ 25 մետր տեղափոխվել են դեպի նշված խաչմերուկ»,-ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ վերը նշված փոփոխությունների շնորհիվ մեծացել է տվյալ խաչմերուկի թողունակությունը: «Բաղրամյան պողոտայի երթևեկելի առաջին գոտուց աջ շրջադարձով դեպի Մոսկովյան ու Սարյան փողոցներ երթևեկող տրանսպորտային միջոցները նշված մանևրը կատարում են անընդհատ՝ առանց լուսացույցի արգելող ազդանշանին հանդիպելու»,-նշեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում