ՊՆ-ն քննարկում է «Պատիվ ունեմ» ծրագրով զինծառայությունը մագիստրատուրայում ուսման հետ համատեղելու հնարավորությունը

ՊՆ-ն քննարկում է «Պատիվ ունեմ» ծրագրով զինծառայությունը մագիստրատուրայում ուսման հետ համատեղելու հնարավորությունը

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը դրել է ընդհանուր հավասարության սկզբունքը, իսկ ակադեմիական տարկետման հետ կապված հարցերը կարգավորվելու են կառավարության որոշումներով և ենթաօրենսդրական ակտերով: Ազգային ժողովում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ կլոր սեղան-քննարկմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը` պատասխանելով նախաձեռնության անդամ Հայկ Զաքարյանի հարցին: «Մենք խնդիրների կարգավորումները տեղափոխել ենք կառավարության դաշտ, որպեսզի հետագայում, երբ մենք կտեսնենք, որ թերություն կա, որը մենք հաշվի չենք առել, կարողանանք շատ արագ կառավարության որոշումներով լուծումներ տալ այդ խնդիրներին»,- նշեց Զաքարյանը:` հավելելով, որ ելակետայինը օրենքն է, սակայն կառավարության որոշումներն են կարգավորում բոլոր խնդիրները:

Արտակ Զաքարյանը հայտնեց, որ պաշտպանության նախարարությունը քննարկում է լուծման մի տարբերակ, որը վերջնական չէ և կարող է համալրվել նոր գաղափարներով: ««Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում երիտասարդը, ով ցանկություն է հայտնում տարկետման իրավունք ստանալ` ուսումնառության 4 տարիների ընթացքում երևալու է այդ ուսանողի գիտական նկրտումները, նվաճումները, իր ակտիվությունը, մասնակցությունը տարբեր միջազգային գիտական ծրագրերին: Դրանից հետո, երբ նա արդեն որպես սպա կներգրավվի զինվորական ծառայության, պաշտպանության նախարարության շահագրգռվածությունն է, որպեսզի նա ծառայության անցնի որպես գիտնական»,- մանրամասնեց փոխնախարարը:

Զաքարյանը նաև տեղեկացրեց, որ քննարկում են նաև «Պատիվ ունեմ» ծրագրի զինվորական ծառայությունը մագիստրատուրայի ուսման հետ համատեղելու հնարավորությունը: «Քննարկում ենք նաև տարբերակները, թե ինչպես սպան, ում ծառայության պայմանագրի ժամկետն ավարտվել է, սակայն ցանկանում է շարունակել ծառայությունը, կարող է ծառայությանը զուգահեռ ասպիրանտուրայում ուսումը շարունակել: «Այս առումով մենք շատ ճկուն ենք: Ունենալով զինված ուժերում գիտնականներ ներգրավելու և գիտությունը զարգացնելու կարիք` մենք նաև պատրաստ ենք խթան հանդիսանալ»,– ասաց արտակ Զաքարյանը:

Փոխնախարարը չհամաձայնեց ուսանողների գնահատականների հետ, թե «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը խոչընդոտելու է գիտության զարգացմանը: Նրա խոսքով` մինչև հիմա գործող օրենքն է ինչ-որ առումով խոչընդոտ հանդիսացել, քանի որ գործել է ընդհանուր խաղի կանոն և բանակում ծառայելուց խուսափողները կարողացել են «գիտության անձրևանոցի» տակ ազատվել ծառայությունից: «Հիմա մենք ասում ենք եկեք բոլորին անհատական մոտեցում ցուցաբերենք, կառավարությունը պատրաստ է այդ մոտեցումները ցուցաբերել սպորտի, արվեստի, մշակույթի, գիտության ոլորտներում,: Դրա համար կսահմանվեն հստակ մեխանիզմներ, որպեսզի բոլորի համար հստակ լինի, եթե, օրինակ, Դավիթ Պետրոսյանն արժանի երիտասարդ է, նրան պետք է տարկետում տալ: Մենք տեսնում ենք այդ խնդիրները, մենք չենք ասել, որ չենք տեսնում: Լուծումը ո՞րն է` եթե հստակ առաջարկներ բերեք, մենք միայն ուրախ կլինենք, կքննարկենք ձեզ էլ կներգրավենք աշխատանքային խմբերի մեջ, որպեսզի ինքներդ տեսնեք այլ ինչ գաղափարներ ու մեխանզիմենր կան, որ կարելի է կիրառել: Դուք էլ հնարավորություն կունենաք հարստացնել աշխատանքային խմբերի աշխատանքները, որի արդյունքում մենք կարող ենք ունենալ հնարավորինս համապարփակ և ճիշտ որոշում»,- եզրափակեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում