Մենք նաև պետք է փորձենք հասկանալ, թե մասնագիտական որ ուղղություններն են, որտեղ կրթության անընդհատությունն ապահովելու կարիք կա

Մենք նաև պետք է փորձենք հասկանալ, թե մասնագիտական որ ուղղություններն են, որտեղ կրթության անընդհատությունն ապահովելու կարիք կա

Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը համոզված է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով զինվորական ծառայության և գիտության միջև հակասություններ չկան: Ազգային ժողովում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության ներկայացուցիչների հետ կլոր սեղան-քննարկման ընթացքում Լևոն Մկրտչյանն ընդգծեց, որ զինվորական ծառայության և գիտության մեջ հակասություններ դնելն արհեստական օրակարգ է: «Ես 100 տոկոսով համոզված եմ, որ մենք հիմա գործ ունենք մտահոգ մարդկանց հետ, ովքեր իսկապես գտնում են, որ որոշ խնդիրներ պետք է կարգավորվեն: Հարգում եմ նրանց դիրքորոշումը: Մենք պետք է փորձենք հասկանալ, թե ինչ խնդիրներ կան և ինչպես պետք է մենք դրանց լուծում տանք»,- նշեց նախարարը:

Նա այս ընթացքում հանդիպումներ է ունեցել տարբեր բուհերի դասախոսների, ուսանողների հետ, ակտիվ քննարկումներ անցկացրել բոլոր շրջանակների հետ` հասկանալու՝ ինչ հիմնական խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն: «Դուք հիշում եք, որ վարչապետի մոտ կայացած հանդիպման ժամանակ խոսք գնաց ենթաօրենսդրական դաշտի միջոցով խնդիրներին լուծում տալու հնարավորության մասին: Նախ` պետք է փորձենք բոլոր խնդիրները միասին հասկանալ և ամրագրել, որպեսզի այդ ուղղություններով հետագա աշխատանքը ծավալենք` խնդիրներին լուծում տալու համար:

Նախարարը նշեց, որ այս օրերին շատ է խոսվում կրթության անընդհատությունը պահպանելու անհրաժեշտության մասին: «Նախ ցանկանում եմ ընդգծել, որ սկզբունքի հարց կա, և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ընդունվել է այդ սկզբունքն ամրագրելու համար: Հիմնական սկզբունքն այն է, որ 18 տարին լրացած Հայաստանի ցանկացած քաղաքացի, ով նոր է կյանք մտնում և դեռ չգիտի գիտնական է դառնալու, գործարար, թե մեկ այլ ուղիով է գնալու, պետք է կատարի իր պարտականությունը հայրենիքի հանդեպ: Սա առաջին սկզբունքն է, որը քննարկման չի ենթարկվում, որովհետև ընդունելի սկզբունք է: 18 տարեկան երիտասարդի համար դժվար է ասել` կդառնա գիտնական, գործարար, թե մեկ այլ մասնագիտություն կունենա: Առաջին սկզբունքը պահպանելու պարագայում չի ընդհատվում շարունակական կրթությունը, որովհետև երիտասարդը դպրոցը ավարտելուց հետո ծառայում է բանակում, որից հետո հնարավորություն է ստանում անընդհատության սկզբունքով կրթություն ստանալ»,- ընդգծեց Մկրտչյանը:

Նա հավելեց` ինչպես հասկացել են որոշ մասնագիտությունների համար կա կրթության անընդհատությունն ապահովելու խնդիր, այսինքն` անցումներ պետք է կատարվեն բակալավրիատից մագիստրատուրա և մագիստրատուրայից ասպիրանտուրա: «Քանի որ կա «Պատիվ ունեմ» ծրագիրը, որը մեր երիտասարդների մեծ մասին հնարավորություն է տալու անցնել բակալավրիական կրթությունը և դրանից հետո որպես սպա ծառայել, ապա այդ նույն սկզբունքի մի տարատեսակ երևի կարող ենք ունենալ բակալավրիատից մագիստրատուրա անցումն ապահովելու համար: Մենք նաև պետք է փորձենք հասկանալ, թե մասնագիտական որ ուղղություններն են, որտեղ կրթության անընդհատությունն ապահովելու կարիք կա: Այստեղ պետք է լուրջ քննարկումներ անցկացնենք, հասկանանք, թե որ մասնագիտություններն են, որոնք անընդհատության խնդիր ունեն և փորձենք պաշտպանության նախարարության հետ խնդիրը լուծել: Ավելի հեշտ լուծելի է թվում մագիստրատուրայից ասպիրանտուրա անցման ապահովումը, քանի որ մենք հիմնականում գործ ենք ունենալու կողմնորոշված գիտնականների հետ»,- մանրամասնեց ՀՀ ԿԳ նախարարը:

Նրա խոսքով` առաջարկվող լուծումները կարելի է կարգավորել կառավարության ենթաօրենսդրական ակտերով, որոնք բխելու են օրենքից: «Մենք կարող ենք միասին քննարկել, հասկանալ, թե ինչ ենք անում այդ դաշտում: Սիրով քննարկումներին, աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցելու համար կհրավիրենք բոլոր շահագրգիռ կողմերին: Ես կարծում եմ, որ այդ ենթաօրենսդրական ակտերի մշակման համար պետք է ձևավորվի լուրջ հանձնաժողով, որում կներառվեն կրթության և գիտության ու պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև գիտության և ուսանողների ներկայացուցիչները»,- ասաց նախարարը:

Լևոն Մկրտչյանը նաև շեշտեց, որ կառավարության որոշումներով հնարավոր կլինի տարկետում տրամադրել անհատների, ովքեր հաջողությունների հասած կլինեն: Նախարարի խոսքով` պետք է միասին որոշեն, թե գիտության դեպքում կառավարության որոշումներով տարկետում տրամադրելու ինչ չափանիշներ են սահմանվելու: Լևոն Մկրտչյանը կարծում է, որ, օրինակ, կարելի է որպես չափանիշներից մեկը սահմանել դպրոցական միջազգային օլիմպիադաներում ոսկե մեդալ ունենալը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում