Վլադիմիր Կարապետյանը ՀՀ-ԵՄ ստորագրվելիք համաձայնագիրը երկկողմ համագործակցությունն առաջ մղելու հիմք է համարում

Վլադիմիր Կարապետյանը ՀՀ-ԵՄ ստորագրվելիք համաձայնագիրը երկկողմ համագործակցությունն առաջ մղելու հիմք է համարում

Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին համաձայնագիրը փոխարինելու է դեռևս 1996 թ. կողմերի միջև ստորագրված պայմանագրին, որն ուժի մեջ է մտել դրանից երեք տարի անց: Ֆրիդրիխ Նաումանի ու Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կազմակերպած քննարկմանն այս մասին ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Կարապետյանը:

«Փաստորեն մենք Եվրոպական միության հետ համագործակցում ենք շրջանակային փաստաթղթով, որն արդեն 20 տարվա վաղեմություն ունի: Այն ստորագրվել է 10 տարվա համար, սակայն կողմերը ստիպված են եղել երկարաձգել: Չնայած կան այլ փաստաթղթեր` Հարևանության, Արևելյան գործընկերության ծրագրերը, սակայն երկկողմ հարաբերությունները կարգավորող փաստաթուղթը բավականին հնացած է, և այդ առումով շատ կարևոր է, որ մենք ավելի արդիական պայմանագիր ենք ստորագրելու»,- ընդգծեց Կարապետյանը:

Նա հավելեց, որ թեև ստորագրվելիք փաստաթուղթը խորությամբ և համագործակցության հնարավորություններով զիջում է ԵՄ Ասոցացման համաձայնագրին, այնուամենայնիվ, նույնպես համապարփակ համաձայնագիր է, որն արտացոլում է այս փուլում երկկողմ հարաբերությունների մակարդակը: «Այն նախանշում է խորացված քաղաքական երկխոսություն և համագործակցության զարգացում տարբեր ոլորտներում` հնարավորություն ընձեռելով Եվրոպական միությանը առավել խորացնել ներգրավվածությունը Հայաստանի հետ հարաբերություններում: Պայմանագրի մեծ մասը ներառում է Եվրոպական միության ստանդարտ ձևակերպումներ մարդու իրավունքների, միջազգային քրեական դատարանի, զանգվածային ոչնչացման զենքի, ահաբեկչության դեմ պայքարի հարցերի վերաբերյալ: Այն նաև նախատեսում է համագործակցություն տրանսպորտի, էներգետիկայի, առողջապահության, բնապահպանության, կրթության և մշակույթի, հարկային քաղաքականության, տուրիզմի, գիտության և ինովացիաների և մի շարք այլ ոլորտներում»,- ընդգծեց Վլադիմիր Կարապետյանը:

Նա կարևորեց այն հանգամանքը, որ փաստաթղթով Հայաստանը ևս ստանձնում է պարտավորություններ` դրանց շրջանակներում առանձնացնելով այն, որ որոշ ոլորտներում ՀՀ օրենսդրությունը մոտեցվելու է եվրոպականին: «Պայմանագրով կողմերը համաձայնել են զարգացնել երկխոսությունն արտաքին քաղաքականության, անվտանգության հարցերի, ինչպես նաև բարեփոխումների վերաբերյալ: Երկխոսության նպատակներն են զարգացնել հետագա երկկողմ հետաքրքրություն ներկայացնող քաղաքական երկխոսությունը, ընդարձակել քաղաքական գործընկերությունը և բարձրացնել արտաքին և անվտանգության քաղաքականության համագործակցության արդյունավետությունը, նպաստել միջազգային խաղաղությանը, ընդգծել հարգանքը ժողովրդավարության սկզբունքների, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ, նպաստել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, տարածքաշրջանային համագործակցությանը, ռեգիոնալ անվտանգության և բարիդրացիական հարաբերություններին` տարածաշրջանի բոլոր երկրների միջև սահմանների բացումը ներառյալ»,-մանրամասնեց
Կարապետյանը:

Ստորագրվելիք փաստաթուղթը համեմատելով 1996 թ. կողմերի միջև ստորագրված փաստաթղթի հետ` Վլադիմիր Կարապետյանն ընդգծեց, որ նկատելի է համագործակցության առավել կոնկրետացումը, ոլորտների ընդարձակումը, ձևակերպումների արդիականացումը: Այս առումով վաղը ստորագրվելիք փաստաթուղթը նոր քաղաքական, իրավապայմանագրային հիմք է ստեղծելու երկկողմ հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու, գործընկերությունն առաջ տանելու և զարգացնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում