Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շարլիեի (Jean-Yves Charlier) գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հյուրերն անդրադարձել են «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի Երևանում անցկացված գլոբալ համաժողովի արդյունքներին և շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը՝ հեռահաղորդակցության ոլորտում ստեղծված բարենպաստ պայմանների, բիզնեսի կողմից բարձրացվող խնդիրների լուծման և օպերատիվ արձագանքման համար:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է մասնավոր հատվածի զարգացմամբ ու ընդլայմամբ, հեռահաղորդակցության ոլորտում ներդրումների ավելացմամբ: Կարեն Կարապետյանն առաջարկել է ուշադրություն դարձնել նաև կրթության բնագավառին՝ այդպիսով սեփական բիզնեսի համար պատրաստելով նաև բարձրակարգ կադրեր: Նա ավելացրել է, որ պետությունը շահագրգռված է բիզնեսի և կրթական համակարգի համագործակցությամբ և վստահություն է հայտնել, որ այն կնպաստի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում առկա մեծ ներուժի իրացմանը: «Կառավարության այսօրվա նիստում ևս մենք փոփոխություններ կատարեցինք հարկային ու մաքսային վարչարարությանը վերաբերող օրենքներում, որոնք արտասահմանյան ներդրողների համար կարևորագույն կարգավորումներ են նախատեսում: Համոզված ենք, որ այս փոփոխություններն ու կարգավորումները բիզնեսը լավագույնս զգալու է: Կառավարությունը պատրաստ է արձագանքել բիզնեսի յուրաքանչյուր խնդրի: Պետություն-մասնավոր հատված համագործակցության մասով ևս ծրագրում ենք նոր գործողություններ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Ժան Իվ Շարլիեն ևս կարևորել է կրթական ծրագրերի իրականացումը և ընդգծել, որ «ՎԵՈՆ»-ը պատրաստվում է շարունակել Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացումը: Նրա խոսքով, արդեն իսկ պատրաստ են 2018 թվականի համար Հայաստանում նախատեսված միջոցառումները:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Գյումրիում նախատեսվող ծրագրերին, մասնավորապես, հաղորդակցության ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներում «ՎԵՈՆ»-ի ներգրավման հնարավորություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում