Եթե կողմերից մեկն ունի «ամեն ինչ, կամ ոչինչ» դիրքորոշումն, ապա բանակցություններում կլինի ոչինչ

Եթե կողմերից մեկն ունի «ամեն ինչ, կամ ոչինչ» դիրքորոշումն, ապա բանակցություններում կլինի ոչինչ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթաց չի լինի, քանի դեռ կողմերից մեկն առաջ է շարժվում «կա′մ ամեն ինչ, կա′մ ոչինչ» սկզբունքով: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ բանակցություններում առաջընթաց գրանցելու համար կողմերի միջև պետք է լինի վստահություն:

Բազմիցս ասվել է, որպեսզի բանակցությունները կարողանան առաջ շարժվել, կողմերի միջև պետք է լինի վստահություն, իսկ վստահությունն իր մեջ ներառում է նաև այն միջոցառումների իրականացումը, որոնց մասին խոսվել է և Վիեննայում, և Սանկտ Պետերբուրգում: Եթե կողմերից մեկն ունի հետևյալ դիրքորոշումը` կամ ամեն ինչ, կամ ոչինչ, ապա, բնական է, բանակցություններում կլինի ոչինչ: Կամ, եթե հարցադրումը դրվում է այսպես՝ կամ ամեն ինչ, կամ պատերազմ, ապա բնական է, որևէ առաջընթաց չի կարող լինել: Ու այնքան ժամանակ, քանի դեռ Բաքվի դիրքորոշումը չի փոխվի` բանակցություններում առաջընթաց չի լինի»,-ասաց Շավարշ Քոչարյանը՝ ընդգծելով, որ ստատուս քվոն պահպանվում է Ադրբեջանի գործողությունների արդյունքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում