Հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է նպաստի տնտեսական աճին. Վարդան Արամյան

Հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է նպաստի տնտեսական աճին. Վարդան Արամյան

Հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է լինի այնպես, որպեսզի այն նպաստի տնտեսական աճին: Կառավարության նիստից հետո այդ մասին նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով «Բյուջետային համակարգի մասին» և «Պետական պարտքի մասին» օրենքներում կատարվող փոփոխություններին: Նախարարի խոսքով, պետք է լինեն հստակ նախագծված կանոններ, որպեսզի այնպես չլինի, որ անձանց փոփոխությունից կախված՝ հարկաբյուջետային քաղաքականության գաղափարախոսությունը փոփոխության ենթարկվի:

«Այս փոփոխության գաղափարախոսությունը կայանում է նրանում, որ պետական պարտքի շեմերին ձեռք չենք տալիս, այսինքն՝ 50 և 60 տոկոս շեմերը մնում են, ավելացվում է ևս մեկ շեմ՝ 40 տոկոս: Մենք ասում ենք՝ եթե մեզ մոտ պարտք-ՀՆԱ ցուցանիշն ավելի է 40 տոկոսից, ապա պետք է թիրախավորել և ծրագրավորել իրականացնելու այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որպեսզի կապիտալ ծախսերն ավելին լինեն, քան պակասուրդը: Եթե պարտք ես վերցնում, կապիտալ ներդրումներ կատարիր, որպեսզի հաջորդ տարի քեզ մոտ ավելի բարձր տնտեսական աճ լինի: Այլ կերպ ասած՝ մենք փորձում ենք այնպիսի մեխանիզմ ներդնել, որպեսզի մեր հարկաբյուջետային քաղաքականությամբ օգնենք տնտեսական աճին: Եթե 50-ից ավելի կլինի, ապա ոչ միայն պետք է թիրախավորել, որ կապիտալ ծախսերն ավելին լինեն՝ քան դեֆիցիտը, այլ պետք է նաև ուշադրության կենտրոնում պահել ընթացիկ ծախսերի աճը: Եվ օրենսդրական փոփոխություններով դրված է, որ ընթացիկ ծախսերի աճը պետք է 1.5 տոկոսային կետով ցածր լինի, քան քա ՀՆԱ-ի աճը: Եթե պարտք-ՀՆԱ ցուցանիշը 60 տոկոսն է գերազանցում, ավելի է կոշտացվում. ընթացիկ ծախսերի աճը շուրջ 2.5 տոկոսային կետով պետք է ցածր լինի, քան ՀՆԱ-ի աճը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արամյանը:

Օրենքներում ամրագրվում է մեկ այլ կարգավորիչ նորմ, որ սեփական եկամուտները պետք է ավելի լինեն, քան ընթացիկ ծախսերը: Այս կարգավորումներն ավտոմատ հանգեցնելու են նրան, որ հարկաբյուջետային քաղաքականությունը խթանելու է տնտեսական աճին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում