Կառավարությունում քննարկվել է բազմաբնակարան շենքերից զվարճանքի ակումբները տեղափոխելու մասին օրենսդրական փաթեթը

Կառավարությունում քննարկվել է բազմաբնակարան շենքերից զվարճանքի ակումբները տեղափոխելու մասին օրենսդրական փաթեթը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է «Ատևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Այն մշակվել է ի կատարումն վարչապետի՝ բազմաբնակարան շենքերում և դրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների և զվարճանքի այլ օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու հանձնարարականի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զեկուցվել է, որ օրենսդրական փաթեթի միջոցով ՀՀ օրենսդրությամբ առաջին անգամ տրվում են հանրապետությունում լայն տարածում ստացած առևտրային ծառայությունների մի շարք օբյեկտների՝ սահմանումներ, մասնավորապես, «հեստապարային ակումբ», «կարաոկե», «դիսկոտեկ»: Օրենքով հստակ սահմանվում է, որ նշված օբյեկտները, ինչպես նաև սաունան, բաղնիքը և շոգեբաղնիքը հանդիսանում են սահմանափակումների ենթակա օբյեկտներ և արգելվում է դրանց տեղակայումը բազմաբնակարան շենքի բնակելի և ոչ բնակելի տարածքում: Միաժամանակ հաշվի առնելով, որ նման տեսակի ծառայությունների իրականացման թույլտվությունները տրամադրվում են տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների հիման վրա, օրենքով սահմանվել է նաև, որ նման օբյեկտների տեղակայմանը ներկայացվող ընդհանուր պահանջները սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է օրենսդրական փաթեթը սեղմ ժամկետներում բերել վերջնական տեսքի և ներկայացնել կառավարության աշխատակազմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում