Մերժվում են բոլոր նախագծերն ու առաջարկությունները, որոնք կարող են օրինապահ բիզնեսմենի համար խնդիրներ ստեղծել. Կարեն Կարապետյան

Մերժվում են բոլոր նախագծերն ու առաջարկությունները, որոնք կարող են օրինապահ բիզնեսմենի համար խնդիրներ ստեղծել. Կարեն Կարապետյան

Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ նախագծի կարգավորման նպատակը մինչև ՀՀ հարկային օրենսգրքի ամբողջական կիրառության մեջ մտնելը օրենսգրքով սահմանված առանձին իրավական նորմերի վերանայումն է` դրանցում բովանդակային, խմբագրական, ինչպես նաև տերմինաբանական փոփոխություններ կամ լրացումներ կատարելու ճանապարհով:

Նախագծով շահաբաժինների հարկման մասով առաջարկվում է` հարկել միայն ընդհանուր ժողովի կողմից հայտարարված շահաբաժինները՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ին հարկի առաջացման նորմը հանելով, հարկել ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց դեպքում 2017 թ. և դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններում առաջացած կուտակված շահույթի բաշխումից առաջացած շահաբաժինները, հարկել ռեզիդենտ ֆիզիկական անձանց դեպքում 2018 թ. և դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններում առաջացած կուտակված շահույթի բաշխումից առաջացած շահաբաժինները, հարկերի վճարումից չխուսափելու համար՝ հարկային օրենսդրության իմաստով որպես շահաբաժնի վճարում համարել նաև անտոկոս կամ ցածր տոկոսով տրված փոխառությունները և այլն: Վերոնշյալ երկու օրենսդրական նախաձեռնությունները կմիավորվեն և ԱԺ կներկայացվեն մեկ փաթեթով:

Անդրադառնալով օրինագծին՝ Կարեն Կարապետյանը նշեց, որ այն միտված է բիզնես միջավայրի բարելավմանը, գործարարների համար ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելուն: «Ավելին, մոտ ժամանակները մենք նորից քննարկելու ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և այլ գերատեսչությունների բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված առաջարկությունները: Ամենակարևորը, որ ուզում եմ տեղյակ պահել գործընկերներին, այն է, որ բոլոր այն նախաձեռնություններում, որտեղ ՊԵԿ-ը հնչեցնում է խնդիրներ պոտենցիալ ոչ օրինապահ բիզնեսին օրինական դաշտ բերելու վերաբերյալ, միշտ առաջնորդվել ենք հետևյալով՝ մերժվում են բոլոր այդ նախագծերն ու առաջարկությունները, որոնք կարող են օրինապահ բիզնեսմենի համար խնդիրներ ստեղծել: Այսինքն՝ միակ չափանիշը մեզ համար բոլոր օրենքներում, նախաձեռնություններում այն է, որ օրինապահ բիզնեսմենի համար որևիցե խոչընդոտ չստեղծվի»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ անհրաժեշտ է նախատեսվող բոլոր փոփոխությունների վերաբերյալ հնարավորինս տեղեկացնել հանրությանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում