Ադրբեջանը հաստատել է հայկական դիրքերի մոտ ադրբեջանցի զինծառայողի դիակ հայտնաբերելու մասին լուրը

Ադրբեջանը հաստատել է հայկական դիրքերի մոտ ադրբեջանցի զինծառայողի դիակ հայտնաբերելու մասին լուրը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում` միջդիրքային տարածքում ադրբեջանական զինուժի զինծառայողի դիակ հայտնաբերելու մասին Հայաստանի պաշտպանության նախարարության՝ ավելի վաղ տարածած հաղորդագրությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված տեղեկատվության մեջ ասվում է, որ Նախիջևանի Օդրուբադի շրջանի դիմաց՝ Հայաստանի սահմանի մոտ հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Ջալիբեյլի Բահրուզ Փարվիզ օղլուի դին: Նշվում է, թե ադրբեջանցի զինծառայողը ռազմական հանցագործություն է կատարել, ինչից հետո դիմել է փախուստի:

Կատարվածի առնչությամբ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել, տարվում է հետաքննություն:

Ավելի վաղ դեպքի առնչությամբ հաղորդագրություն էր տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը, որում ասվում էր. «ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները նոյեմբերի 23-ի առավոտյան հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` վերոնշյալ զինծառայողը հանդիսանում է Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի»:

ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստակամություն էր հայտնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ զինծառայողի դին ադրբեջանական կողմին փոխանցելու հարցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում