«Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ստորագրումը նոր էջ կբացի երկկողմ հարաբերությունների պատմության մեջ

«Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ստորագրումը նոր էջ կբացի երկկողմ հարաբերությունների պատմության մեջ

Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը ոյեմբերի 24-ինհանդիպում է ունեցել վարչապետ Շառլ Միշելի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ավելի ակտիվացնելու հայ-բելգիական երկխոսությունը, բազմաբնույթ դարձնելու փոխշահավետ համագործակցությունը բարեկամ Բելգիայի հետ։

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման անցած 25 տարիներին Հայաստանը և Բելգիան հարաբերությունները կանոնավոր զարգացրել են բազմաթիվ ոլորտներում՝ հիմնվելով փոխվստահության ու փոխըմբռնման վրա։

Նախագահ Սարգսյանը և վարչապետ Միշելը համակարծիք են եղել, որ այս հանդիպումը հետագա համագործակցության ուղիները նախանշելու լավ առիթ է և մեծապես կարևորել են փոխգործակցության ընդլայնումը նաև միջազգային հարթակներում, հատկապես` ԵՄ շրջանակներում։

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին` Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ստորագրումը նոր էջ կբացի երկկողմ հարաբերությունների պատմության մեջ և նոր հնարավորություններ կստեղծի Եվրոպական միության ու անդամ պետությունների, այդ թվում՝ Բելգիայի հետ հարաբերությունների հետագա խորացման համար:

Հայ-բելգիական երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից Հանրապետության Նախագահը կարևորել է բարձրաստիճան քաղաքական շփումների ակտիվացումը և հույս հայտնել, որ Հայաստանի և բարեկամ ու վստահելի գործընկեր Բելգիայի երկխոսությունը շարունակական կլինի, ինչպես նաև փոխայցերն ավելի ակտիվ բնույթ կկրեն:

Հանդիպմանը Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Բելգիան Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի նաև այն պատճառով, որ ապաստան է տվել ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին, ում սերունդները կազմում են բելգիահայ համայնքի կորիզը: Նախագահը վարչապետ Շառլ Միշելին հայ ժողովրդի գնահատանքն է հայտնել 2015թ. հունիսի 18-ի նրա հայտարարության համար, որին հաջորդեց հուլիսի 23-ին Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը, որով ամբողջացավ Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. դեռևս 1998թ. Բելգիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։

Զրուցակիցները երկուստեք դրվատանքով են խոսել Բելգիայի հայ համայնքի մասին, կարևորել նրա դերը երկկողմ հարաբերությունների ակտիվացման գործում:

Սերժ Սարգսյանը և Շառլ Միշելը քննարկել են հայ-բելգիական առևտրատնտեսական հարաբերություններին և փոխշահավետ մի շարք ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահն առաջարկել է, որ բելգիական ընկերությունները դիտարկեն ՀՀ-ում գործունեություն ծավալելու հնարավորությունը՝ հաշվի առնելով երկրում ձևավորված բարենպաստ ներդրումային միջավայրը, ինչպես նաև ներգրավվածությունը տարբեր ինտեգրացիոն գործընթացներում:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի ակտիվ անդամակցությունը ևս, Նախագահ Սերժ Սարգսյանի համոզմամբ, լավ հնարավորություն է ֆրանկոֆոն կառույցներում Բելգիայի հետ գիտակրթական, մշակութային, քաղաքային կառավարման և այլ ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար: Նշելով, որ 2018թ. Հայաստանը կհյուրընկալի կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, Նախագահը շնորհակալություն է հայտնել Բելգիային աջակցության համար և, օգտվելով հանդիպման առիթից, վարչապետ Միշելին հրավիրել է Հայաստան` մասնակցելու 2018թ. հոկտեմբերին կայանալիք գագաթնաժողովին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում