ԵՄ-Հայաստան նոր համաձայնագիրը տալիս է լայն հնարավորություններ, որոնցից պետք է օգտվել. Ալեքսանդր Իսկանդարյան

ԵՄ-Հայաստան նոր համաձայնագիրը տալիս է լայն հնարավորություններ, որոնցից պետք է օգտվել. Ալեքսանդր Իսկանդարյան

Նոյեմբերի 24-ին Եվրամիության եւ Հայաստանի միջեւ ստորագրված համաձայնագիրը ոչ թե կախարդական փայտիկ է, այլ հնարավորություն, որից պետք է օգտվել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ընթացքում այս մասին Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Նախքան համաձայնագրի ստորագրումը ես խոսում էի դրա կարեւորության, հավանականության մասին. դա տեղի ունեցավ, համաձայնագիրը ստորագրվեց: Պետք է խոսել այն մասին, որ համաձայնագիրը հնարավորություն է տալիս հասնել որոշակի հաջողությունների տարբեր ոլորտներում՝ բիզնեսի կառավարում, առեւտուր, օրենսդրության բարելավում, եւ, իհարկե, այս ամենի հետ ուղղակիորեն կապ ունեն վիզայի ռեժիմին առնչվող գործընթացները: Այս հնարավորությունները կան, իհարկե, համաձայնագիրը լուրջ փաստաթուղթ է, սակայն այն պարզապես ցանկություն կամ հուշագիր չէ, այլ որոշակի պարտավորությունների շրջանակ երկու կողմերի համար էլ. դրանք պետք է իրականացվեն, եւ դա անելու ճանապարհին համապատասխան աջակցություն է ցուցաբերվելու: Այսինքն՝ այն տալիս է բավականին լայն հնարավորություններ: Մենք տեսնում ենք, որ նման համաձայնագրեր արդեն ունեն Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, եւ ասել, թե դրանք Շվեյցարիա են դարձել, չի կարելի, մյուս կողմից էլ ասել, որ այս համաձայնագիրը քիչ նշանակություն ունի, նույնպես սխալ է»,- ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով փաստաթղթում ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հատվածին՝ նա նշեց, որ կարեւոր է այն, թե ինչպես դա ստորագրվեց:

«Փաստացիորեն, ինտրիգը՝ կապված, մասնավորապես, հռչակագրի հետ, պահպանվեց մինչեւ վերջին օրերը, եւ դա ստորագրվեց, կարելի է ասել, Հայաստանի համար քիչ թե շատ իդեալական տարբերակով: Այն, թե ինչ կերպով դա ստորագրվեց, ցույց է տալիս ընդհանրապես միջազգային հանրության վերաբերմունքը մի կողմից Հայաստանի, մյուս կողմից Ադրբեջանի հանդեպ: Եվ հակառակ նրան, որ մամուլը գրում է ադրբեջանական քարոզչության հաջողության մասին, դա այդպես չէ, քանի որ մենք վերջերս ակնհայտորեն տեսնում ենք Ադրբեջանի հանդեպ վերաբերմունքի վատթարացում եւ բարելավում՝ Հայաստանի հանդեպ»,- ընդգծեց Ալեքսանդր Իսկանդարյանը՝ զգուշացնելով, այնուամենայնիվ, չմոռանալ, որ մամուլում գրվածն ու իրական քաղաքականությունը տարբերվում են, եւ ամեն դեպքում Ադրբեջանը աշխարհագրական առումով կարեւոր դեր ունի:

Նրա խոսքով՝ պետք է հիշել եւս մի բան, որ այս համաձայնագիրը չի կարող ուղղակի ազդեցություն ունենալ ղարաբաղյան հակամարտության շուրջ տեղի ունեցող գործընթացների վրա:

«Ասվել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է զբաղվել այս հարցով եւ թե ինչպես՝ մենք բոլորս գիտենք: Սակայն ասել, որ համաձայնագիրն ուղղակի կապ ունի ղարաբաղյան հակամարտության հետ, չի կարելի»,– եզրափակեց նա:

Բրյուսելում նոյեմբերի 24-ին ստորագրվեց Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում