Հայաստանի կառավարությունն առաջին հերթին պետք է խթանի ներքին ներդրումները

Հայաստանի կառավարությունն առաջին հերթին պետք է խթանի ներքին ներդրումները

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այն կարծիքին է, որ Հայաստանի կառավարությունն առաջնահերթ պետք է խթանի ներքին ներդրումները` այդպիսով նպաստելով օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալների ավելացմանը: Ազգային ժողովում ՀՀ-ն ԵԱՏՄ կազմից դուրս բերելու «Ելք» խմբակցության նախաձեռնության վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում Թաթուլ Մանասերյանն անդրադարձավ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի դիտարկմանը, թե ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները տարեցտարի նվազել են: Տնտեսագետը նաև կոչ արեց առկա բոլոր խնդիրները չվերագրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը` ընդգծելով, որ դա այնքան էլ ճիշտ մոտեցում չէ:

«Կարծում եմ, որ մենք չափից շատ ենք տուրք տալիս օտարերկրյա ուղղակի ներդրումներին: Ես հիմա հարց եմ ուզում տալ բոլորին: Ինչո՞ւ ենք մենք մոռանում, որ պետք է անենք ներքին ներդրումներ: Ինչի՞ համար ենք մենք մոռանում ներքին ներդրումների մասին: Ինչո՞ւ օտարերկրացին պետք է գա Հայաստան, ներդրումներ անի, իսկ մենք էլ մեր տնտեսությանը չվստահենք և ոչ մի ներդրում չանենք: Ես կարծում եմ, որ մենք պետք է լուրջ քննարկումներ ունենանք, թե Հայաստանի կառավարությունը ե՞րբ պիտի թիրախավորի ներքին ներդրումները և այնպես անի, որ օտարերկրացին տեսնի գրավիչ դաշտը և ինքն էլ միանա: Ես կարծում եմ, որ այստեղից է պետք սկսել»,- նշեց նա:

Տնտեսագետն ընդգծեց, որ մեր երկրում առկա շատ խնդիրներ, որոնք կապվում են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ, այնքան էլ դրա հետ առնչություն չունեն: Մանասերյանը նշեց, թե ինքը շատ ուրախ է, որ Հայաստանը արդյունավետ համագործակցություն է հաստատել բոլոր կենտրոնների հետ: Նա հույս հայտնեց, որ ԵՄ-ի հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը Հայաստանի համար ավելի լայն հնարավորություններ կբացի:

Մանասերյանը հերքեց որոշ պնդումներ այն մասին, թե ԵՄ-ի հետ ստորագրած համաձայնագիրը Հայաստանին պարտադրում է դուրս գալ Եվրասիական տնտեսական միության կազմից: «Ես ուշադիր ընթերցել եմ տնտեսական մասը և կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ նման դրույթ չկա: Եվրասիական տնտեսական միության անդամ 4 երկրներ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամներ են, Եվրոպական Միության անդամ բոլոր երկրներն են այդ կազմակերպության անդամ: Այս պարագայում չեն կարող լինել օբյեկտիվ տարակարծություն կամ իրար հակասող դրույթներ, երբ բոլորը նույն միջազգային կառույցի անդամ են, ընդ որում` կառույցի, որն իր խաղի կանոնները պարտադրելու առումով բացառիկ է` եթե չեն ընդունում այդ կանոնները, պետք է դուրս գան: Եվ լավ է, որ Մոսկվան և Բրյուսելը եկան այդ համաձայնությանը»,- մանրամասնեց Թաթուլ Մանասերյանը:

Անդրադառնալով ՀՀ-ն ԵԱՏՄ կազմից դուրս բերելու «Ելք» խմբակցության նախաձեռնությանը` Թաթուլ Մանասերյանը նշեց, որ պետք է նախ հասկանալ, թե ինչ է ստանալու և ինչ վիճակում է Հայաստանը հայտնվելու, երբ լքի Եվրասիական տնտեսական միությունը: «Հայաստանը ունի իր առանձնահատկությունները և պետք չէ ասել, թե ինչ կատարվում է Ռուսաստանում, նույնը նաև Հայաստանում է կատարվում: Մեզ 2014 թ. տնտեսական անկում էին գուժում, որը տեղի չունեցավ, նույնը՝ նաև 2015 թ., բայց դա էլ տեղի չունեցավ, որովհետև Հայաստանը, լինելով փոքր երկիր, այնուամենայնիվ, ունի իր առանձնահատկությունները: Եվ հայտնի չէ, թե ինչ կլիներ Հայաստանի հետ, եթե նա չլիներ Եվրասիական տնտեսական միության անդամ: Սա և՛ գազի գնին է վերաբերվում, և՛ մնացած այլ հարցերին:

Տնտեսագետն առաջարկում է ձևավորել ազգային օրակարգ, որը հնարավորություն կընձեռի ճիշտ օգտագործել այն հնարավորությունները, որոնք տալիս է Եվրասիական տնտեսական միությունը: Նրա խոսքով` որևէ միություն չի կարող օգտակար լինել երկրի համար, եթե մենք այդ ուղղությամբ չաշխատենք:

Մանասերյանը նաև չհերքեց, որ ԵԱՏՄ-ում առկա են լուրջ խնդիրներ և թերություններ, որոնք լուծման կարիք ունեն, սակայն հավելեց, որ ոչ մի միություն չի կարող այդքան արագ կայանալ և միանգամից լուծել բոլոր խնդիրները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում