Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում առաքելությունն ավարտող Ռումինիայի դեսպանին

Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում առաքելությունն ավարտող Ռումինիայի դեսպանին

Նոյեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական իր առաքելությունն ավարտող Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Գարեգին Բ Հայրապետն ուրախությամբ արձանագրել է, որ երկու ժողովուրդների միջև առկա դարավոր ջերմ հարաբերություններն այսօր շարունակում են զարգանալ և պտղաբերել: Նորին Սրբությունը գոհունակությամբ հաստատել է, որ պատմության ընթացքում ռումինահայ համայնքն իր կարևոր ներդրումն է ունեցել Ռումինիայի կյանքի տարբեր ոլորտներում և այսօր էլ ամբողջապես ներգրավված է երկրի կյանքում:
Վեհափառ Հայրապետը նաև նշել է, որ առանձնակի ջերմությամբ է հիշում Ռումինիա կատարած իր հովվապետական այցերը:

Դեսպան Սորին Վասիլեն ևս Նորին Սրբությանն է փոխանցել Հայաստանում պաշտոնավարման ընթացքում ստացած իր ջերմ տպավորությունները: Դեսպանը մասնավոր անդրադարձ է կատարել Մայր Աթոռի հետ ունեցած սերտ գործակցությանը, ինչպես նաև խոսել է աշխարհասփյուռ հայ ժողովրդի միասնականության պահպանման գործում Հայ Եկեղեցու կարևոր առաքելության մասին:

Վերջում, Աստծո օրհնությունը հայցելով երկու երկրների հարաբերություններին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաջողություններ է մաղթել դեսպանին իր հետագա դիվանագիտական առաքելության մեջ:

Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում