Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման. հրապարակվեց նաև մյուսների դատավճիռը

Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման. հրապարակվեց նաև մյուսների դատավճիռը

Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանն այսօր հրապարակեց «Իգլա»-ի և փողերի լվացման գործով ամբաստանյալների դատավճիռները:

Արցախի հերոս, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց ազատազրկման 6 տարի ժամկետով։

Դատախազը նրա համար պահանջել էր 7 տարվա ազատազրկում:

Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, ում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և ում համար դատախազը պահանջել էր 4 տարվա ազատազրկում, դատապարտվեց 3 տարի ազատազրկման։

Արմեն Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նա դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։

Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կարեն Քոչարյանը դատապարտվեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն այն պայմանականորեն չի կիրառվի`սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով։

Անդրանիկ Քոչարյանը դատապարտվեց 2 տարի ժամկետով ազատազրկման և սահմանվեց փորձաշրջան` 2 տարի ժամկետով։ Ժորա Զաքարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման. պատիժը պայմանականորեն չի կիրառվի. փորձաշրջան սահմանվեց 2 տարի ժամկետով։ Դավիթ Հարությունյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Նրա նկատմամբ ևս սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով` պատիժը պայմանականորեն չկիրառելով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում