Հայաստանը կփոխանցի սահմանային դիրքի դիմաց հայտնաբերված ադրբեջանցի զինվորականի դին

Հայաստանը կփոխանցի սահմանային դիրքի դիմաց հայտնաբերված ադրբեջանցի զինվորականի դին

ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց հայտնաբերված ադրբեջանցի զինվորականի դին նոյեմբերի 28-ին կփոխանցվի ադրբեջանական կողմին: Այս մասին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Այսօր փոխանցվելու է»,-ասաց ՊՆ խոսնակը` ի պատասխան այն հարցի, թե ադրբեջանցի զինվորականի դին փոխանցելու գործընթացն ինչ փուլում է:

Նոյեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել էր մամուլի հաղորդագրություն, ըստ որի՝ ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները նույն օրվա առավոտյան հայտնաբերել էին ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` զինծառայողը Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատարն էր, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել էր փախուստի: ՀՀ պաշտպանության նախարարությունը նաև պատրաստակամություն էր հայտնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ զինծառայողի դին ադրբեջանական կողմին փոխանցելու հարցում:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակից հայտնել էին, որ պատրաստ են գործելու որպես անկախ միջնորդ և կազմակերպելու ադրբեջանցի զինվորականի մարմնի փոխանցումը մյուս կողմին երկուստեք համաձայնության դեպքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում