ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքով նվազեցվելու են բիզնեսի այլընտրանքային ծախսերը

ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքով նվազեցվելու են բիզնեսի այլընտրանքային ծախսերը

Եվրասիական տնտեսական միության նոր մաքսային օրենսգիրքը, որն ուժի մեջ կմտնի 2018 թվականից, էականորեն նվազեցնելու են բիզնեսի այլընտրանքային ծախսերը: Այս մասին հայտարարեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը: «Դա արտահայտվում է նրանով, որ ժամանակային, հայտարարագրման գործընթացի և ապրանքների բացթողնման առումով ժամանակի էական կրճատում ենք ունենալու: Օրինակ, ապրանքների բացթողնման համար 1 աշխատանքային օրվա ժամկետը կրճատվում է մինչև 4 ժամվա, այսինքն` կարող ենք արձանագրել շուրջ վեց անգամ ժամանակի կրճատում»,-ասաց պաշտոնյան:

Ինչ վերաբերում է ապրանքների հայտարարագրման գործընթացի բարելավմանը, ապա, եթե ներկայում մաքսային հայտարարագիրը ընդունվում կամ մերժվում է երկու ժամվա ընթացքում, մյուս տարվանից այն կրճատվելու է 1 ժամվա: «Ավելին` բոլոր այն դեպքերում, երբ տնտեսվարողի ներկայացրած հայտարարագիրը պարունակում է անճշտություններ, մաքսային մարմինը ոչ միայն մերժում է այն, այլև պարտավորվում է ծանուցել բոլոր անճշտությունների ու դրանց շտկման ուղիների վերաբերյալ»,-հավելեց Վախթանգ Միրումյանը:

Բացի այդ` կամավորության հիմունքով ներդրվել է ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրման գործընթացում կանխավճարային համակարգը: Ինչպես Միրումյանը նշեց, երբ ապրանքները ներմուծվում են գիշերային ժամերին ու հնարավոր չի լինում վճարումներ կատարել, այս համակարգի միջոցով կարելի է նախապես վճարել ու հայտարարագրումից անմիջապես հետո կանխավճարային հաշվից ավտոմատ կպակասեցվի այնքան գումար, որքան արտացոլված է մաքսային հայտարարագրում` ապահովելով ապրանքների բացթողումը:

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքը բաղկացած է 9 բաժիններից (9-րդ բաժինը՝ անցումային դրույթներ), որոնցով սահմանված կարգավորումներն ուղղված են մաքսային օրենսդրության դրույթների կիրառման ընթացքում գործնականում ի հայտ եկած հիմնախնդիրների լուծմանը, ինչպես նաև մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, հստակեցմանը, տնտեսավարող սուբյեկտների համար լրացուցիչ հնարավորությունների ստեղծմանը՝ հիմքում ունենալով մաքսային ընթացակարգերի պարզեցման և ներդաշնակեցման մասին Կիոտոյի կոնվենցիայի շրջանակային ստանդարտները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում