ԵԱՏՄ-ում 2020 թվականից ամբողջությամբ կանցնեն ապրանքների էլեկտրոնային հայտարարագրման եղանակին

ԵԱՏՄ-ում 2020 թվականից ամբողջությամբ կանցնեն ապրանքների էլեկտրոնային հայտարարագրման եղանակին

Եվրասիական տնտեսական միության նոր մաքսային օրենսգրքում ամրագրվում է էլեկտրոնային հայտարարագրման համակարգի գերակայությունը, թղթային եղանակով հայտարարագրումը սահմանվել է միայն որոշակի դեպքերում: Լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը: «Կարևոր սկզբունք է այն, որ նոր մաքսային օրենսգիրքը կառուցված է ամբողջությամբ էլեկտրոնային կառավարման մոդելի վրա: Թղթային եղանակով հայտարարագրեր ներկայացնել հնարավոր կլինի մինչև 2020 թվականը, որից հետո ամբողջությամբ հայտարարագրումը պետք է կատարվի էլեկտրոնային եղանակով»,-ասաց Վախթանգ Միրումյանը:

Նրա խոսքով` հայտարարագրման գործընթացի թվայնացումը կկրճատի շփումը մաքսային մարմինների հետ և կնվազեցնի հնարավոր կոռուպցիոն ռիսկերը: «էլեկտրոնային հայտարարագրման համակարգի առավելությունը ներկայում գործող համակարգի նկատմամբ կայանում է նրանում, որ դրանով կնվազեցվեն տնտեսավարող սուբյեկտների և մաքսային մարմինների շփումները և կկրճատվի մաքսային ձևակերպումների վրա ծախսվող ժամանակահատվածը»,-հավելեց ՊԵԿ փոխնախագահը:

ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում