Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների զարգացման համար որեւէ խոչընդոտ գոյություն չունի. Մոհամմադ Ջավադ Զարիֆի

Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների զարգացման համար որեւէ խոչընդոտ գոյություն չունի. Մոհամմադ Ջավադ Զարիֆի

Հայաստանի անկախության հռչակումից մինչ այսօր Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները դինամիկ աճ են գրանցել, եւ որպես երկու հարեւաններ որեւիցե խոչընդոտ գոյություն չունի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման համար: Հայաստանում հայ-իրանական գործարար համաժողովի բացմանն այս մասին ասաց Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:

«Շատ ուրախ եմ, որ ստեղծվել է այս հնարավորությունը, որպեսզի հանդիպեմ Հայաստանի եւ Իրանի գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ: Պետք է նշեմ, որ Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները գալիս են դարերի խորքից, եւ մենք շատ ուրախ ենք, որ հայերը նաեւ Իրանն են ընտրել որպես իրենց երկիր եւ այսօր համարվում են մեր շատ ջերմ եւ լավ քաղաքացիները: Նաեւ պաշտպանության հարցում ոչ մի ջանք չեն խնայել եւ անգամ իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ նահատակներ տվեցին: Տնտեսական ոլորտում եւս նրանք առաջադեմ քաղաքացիներ են համարվում»,-ասաց նա:

Իրանի արտգործնախարարի խոսքով՝ երկու երկրների կառավարությունները պետք է բարենպաստ պայմաններ ստեղծեն նաեւ երկու ժողովուրդների, գիտնականների, ինչպես նաեւ գործարարների միջեւ հարաբերությունները զարգացնելու համար:

«Մենք աշխատել ենք, որպեսզի քաղաքական եւ իրավական ենթակառուցվածքներ ստեղծվեն համագործակցության համար, եւ այն փաստաթղթերը, որոնք պետք է ստորագրվեին երկու երկրների միջեւ ներդրումների, ապրանքաշրջանառության դյուրացման համար, արդեն ստորագրել ենք»,- նշեց Մոհամմադ Ջավադ Զարիֆին՝ ընդգծելով, որ կարեւորագույն նպատակը տնտեսական հարաբերությունների զարգացումն է, ինչում մեծ է մասնավոր սեկտորի դերը:

«Ուրախ եմ, որ երկու երկրներն ունեն ներուժ համագործակցության համար: Իրանի Իսլամական Հանրապետությունը գիտության եւ նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում շատ ուշագրավ առաջընթաց է ապրել. այս ոլորտում այն աշխարհի առաջադեմ երկրների շարքում է: Արդյունաբերության ոլորտում եւս այն ունի այնպիսի արտադրատեսակներ, որոնք կարող են շատ լուրջ մրցակցություն ունենալ համաշխարհային մասշտաբով»,-նշեց Իրանի արտգործնախարարը եւ հավելեց, որ հատկապես էներգետիկ ոլորտում երկու երկրների միջեւ կարող է լինել փոխշահավետ համագործակցություն: Նա նաեւ առանձնացրեց գյուղատնտեսության, անասնաբուծության ոլորտները:

Մոհամմադ Ջավադ Զարիֆին խոսեց նաև համատեղ գործարանների ստեղծման մասին՝ հստակեցնելով, որ հումքը կարող է ապահովել իրանական կողմը, իսկ գործընթացի վերջնական փուլը, այսինքն՝ արտադրական հատվածը կարող է ապահովել Հայաստանը, ապա արտահանել այլ երկրներ:

«Այդ ծրագիրն իրականացնելու համար մենք պետք է կարողանանք օգտվել ազատ տնտեսական գոտու հնարավորություններից»,-նշեց Իրանի արտգործնախարարը՝ տեղեկացնելով, որ Իրանը բանակցություններ է վարում ԵԱՏՄ հետ, եւ այդ շրջանակում ընձեռնված հնարավորությունները կարող են դրական ազդակ լինել հայ-իրանական համագործակցության համար:

«Մենք պետք է պարզապես նպաստենք, որ մասնավոր սեկտորը կարողանա օգտվել այն հնարավորություններից, որոնք ստեղծում ենք նրանց համար»,-եզրափակեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում