Ձմռան երեք ամիսներին ջերմաստիճանն ու տեղումների քանակը լինելու են նորմայի սահմաններում

Ձմռան երեք ամիսներին ջերմաստիճանն ու տեղումների քանակը լինելու են նորմայի սահմաններում

Երևանում ձմռան երեք ամիսներին ամենատաք օրերին լինելու է +8-+10 աստիճան, իսկ ամենացուրտ օրերին՝ -20-22։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Երևանում տեղումների քանակը լինելու է նորմայի սահմաններում։
«Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը նշեց, որ Կովկասի տարածքում ձմռան բոլոր երեք ամիսներին տեղի է ունենալու մթնոլորտի ակտիվ շրջանառություն։

«Լինելու են ժամանակահատվածներ, որ Կովկասը գտնվելու է արկտիկական ցուրտ օդային հոսանքների գոտում, և լինելու է ժամանակ, երբ Հայաստանը կլինի համեմատաբար տաք օդային հոսանքների ազդեցության գոտում»,- նշեց Սուրենյանը և ներկայացրեց Հայաստանի մարզերում ձմռան սեզոնի եղանակի կանխատեսումները։
Նրա խոսքով՝ Արարատում, Արմավիրում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռնային գոտիներում տաք օդի ներթափանցման դեպքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կարող է բարձրանալ և հասնել +8-+10 աստիճան։ Սա ձմռան համար բավականին բարձր ցուցանիշ է։

«Կլինեն ժամանակահատվածներ, որ արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժման պայմաններում գիշերային ժամերին կիջնի մինչև -22-24 աստիճան։ Շիրակի, Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի լեռնային գոտիներում տաք օդի ներհոսքի դեպքում կլինեն ժամանակահատվածներ, որ ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի 0-5, իսկ արկտիկական ցուրտ հոսանքների դեպքում՝ -25-30 աստիճանի։ Լոռիում տաք օդի ներհոսքի դեպքում առավելագույն ջերմաստիճանը ցերեկային ժամերին կարող է հասնել +5-+10 աստիճանի, իսկ արկտիկական ցուրտ հոսանքների ներթափանցման դեպքում՝ մինչև -22-27 աստիճանի։ Տավուշի մարզում առանձին օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա +8-+13, իսկ ցուրտ օդի ներհոսքի դեպքում -12-16 աստիճանի»,- նշեց Սուրենյանը։

Սյունիքի մարզն ամենատաքն է, և նախալեռնային գոտիներում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի առավելագույնը +2-+7 աստիճանի, հովտային գոտում՝ +10-+14, իսկ ցուրտ օդի դեպքում՝ հովտային գոտում կարող է լինել -10-15, իսկ լեռնային շրջաններում՝ -15-20 աստիճանի սահմաններում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում