Անոմալ ձմեռ և աննախադեպ շոգ եղանակակլիմայական պայմաններ. Գագիկ Սուրենյանն ամփոփում է տարին

Անոմալ ձմեռ և աննախադեպ շոգ եղանակակլիմայական պայմաններ. Գագիկ Սուրենյանն ամփոփում է տարին

Հայաստանի տարածքի համար 2017 թվականն աչքի է ընկել բազմաթիվ եղանակակլիմայական պայմանների անոմալիաներով։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Բավականին անոմալ էին հունվար-փետրվար ամիսները, հատկապես Արարատյան դաշտի հատվածը, երբ գրեթե 60 օր շարունակ մառախուղ էր և խիստ ցածր ջերմային ֆոն։ Այդ ամիսներին օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր էր մոտ 8-9 աստիճանով։ Սաստիկ ցուրտ ձմռանը հաջորդեցին քիչ թե շատ նորմայի մեջ գարնանային ամիսները։ Այդ շրջանում եղանակային ցուցանիշները նորմայի սահմաններում էին։ Բացառիկ տարի էր, որ չունեցանք ցրտահարություն Արարատյան դաշտում, ինչի շնորհիվ ունեցանք առատ բերք»,- նշեց Գագիկ Սուրենյանը։

Ամռան ամիսների մասին խոսելով ՝ ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետն ընդգծեց, որ այդ ժամանակ աննախադեպ շոգ եղանակակլիմայական պայմաններ էին։

«Հայաստանի տարածքը հունիս-հուլիս ամիսներին անընդհատ գտնվում էր արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։ Ամռան ընթացքում առավելագույն ջերմաստիճանը եղավ 42.6 աստիճան Արարատի հատվածում և 41.8 աստիճան՝ Երևանում։ 38-42 աստիճանի հաշվով կարելի է ասել, որ այս ամառը հարյուր տարվա կտրվածքով այն բացառիկներից էր, որ գրեթե 13-15 օր Երևանում 40 աստիճանից բարձր է եղել։ Տեղումների առումով հուլիս-օգոստոս ամիսներին նորմայից խիստ պակաս էր, դրա համար բազմաթիվ հատվածներում ունեցանք անտառային հրդեհներ, որոնք մեր հանրապետության համար աննախադեպ էին»,- ասաց Սուրենյանը։
Նրա խոսքով՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ջերմաստիճանը նորմայի սահմաններում է եղել, իսկ և աշունը՝ բավականին երկարատև։

«Տեղումները նորմալ են եղել, ձյունը տեղացել է հիմնականում լեռնային գոտիներում, Արարատյան դաշտում և հանրապետության հովտային շրջաններում դեռևս ձնածածկույթը բացակայում է»,- եզրափակեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում