Անբարոյականություն է քաղաքական դիվիդենտներ վաստակել մահացած մարդու անունը շահարկելով

Անբարոյականություն է քաղաքական դիվիդենտներ վաստակել մահացած մարդու անունը շահարկելով

Երբ քաղաքական դաշտը գաղափարազրկվում է, այն պարարտ հող է ստեղծում շարքային պոպուլիստների ու դեմագոգների համար, որոնց թվում է՝ բարոյականությունն այն է, որ դիմացինին ասեն այն ամենն, ինչ մտածում են ու կարևոր չէ, ասելիքը իր մեջ իմաստնություն է պարունակում, թե՝ ապուշություն։ Իսկ երբ ասելիքը հրամցվում է ողջ ժողովրդի անունից, դա արդեն ոչ թե պոպուլիզմ է, այլ կուրություն։

Ցանկացած գործչի վերաբերյալ կարելի է ունենալ դրական կամ բացասական ընկալումներ։ Քաղաքական գործիչը երբեք չի կարող հավակնել իր գլխավերևում տեսնելու սրբի լուսապսակը, քննադատությունը քաղաքական գործունեության անբաժան մասնիկն է։ Իսկ մարդու իրավունքների ու խոսքի ազատության պայմաններում էլ բնականաբար յուրաքանչյուր ոք իրավունք ունի արտահայտել այն ամենն, ինչ մտածում է։

Բայց կան չգրված օրենքներ, որոնք երբեմն առավել զորեղ են ու կենսունակ, քան գրվածները։ Եթե բոլորս օգտվենք խոսքի ազատության իրավունքից ու իրար երեսին մշտապես ասենք այն ամենն, ինչ մտածում ենք, ապա մեծ է հավանականությունը որ արդարամիտ մարդու համբավ ձեռք բերելու փոխարեն կանցնենք բարոյականության ու չափի զգացումի տարրական նորմերը։

Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Երևանի ավագանու նիստում, այն է՝ Անդրանիկ Մարգարյանին համեմատելը Քիմ Քարդաշյանի հետ, պարզապես ցինիզմ է։

Երբևէ չեմ եղել Անդրանիկ Մարգարյանի թիմակիցն ու կողմնակիցը։ Ավելին, մշտապես առիթը բաց չեմ թողել քննադատելու նրան կենդանության օրոք և վարչապետ աշխատելու տարիներին, բայց առնվազն անբարոյականություն եմ համարում քաղաքական էժանագին դիվիդենտներ վաստակել մահացած մարդու անունը շահարկելով։

Թեպետ առանձնապես բացասական վերաբերմունք չունեմ Քիմ Քարդաշյանի նկատմամբ, բայց կրկնակի անբարոյականություն եմ համարում Անդրանիկ Մարգարյանի ու Քիմ Քարդաշյանի միջև համեմատության եզրեր անցկացնելը, թեկուզ նկարներ փակցնելու կոնտեքստում։

Երբևէ հիացած չեմ եղել Տարոն Մարգարյանի քաղաքապետ լինելու փաստով, բայց եռակի անբարոյականություն եմ համարում այդ բարբաջանքը շաղ տալ մահացած մարդու զավակի առջև։

Եթե այդ բարբաջանքի հեղինակ ավագանու անդամը Տարոն Մարգարյանի կողմից արժանանար մի ապտակի, բնականաբար նույն վայրկյանին վայնասուն կբարձրանար, որ քաղաքապետը ձեռք է բարձրացրել ավագանու անդամի, այն էլ կնոջ վրա։

Ինչ խոսք, քաղաքապետն իրավունք չունի ձեռք բարձրացնելու ոչ միայն ավագանու, այլ ցանկացած մարդու վրա։ Նման բան լինելու դեպքում ես ինքս կքննադատեի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։

Սակայն եթե քաղաքապետ Տարոն Մարգարյանն իրավունք չուներ, իմ խորին համոզմամբ, Անդրանիկ Մարգարյանի որդի՝ Տարոն Մարգարյանի ապտակը լիովին արդարացված կլիներ։

Առհասարակ քաղաքական գաղափարազրկությունը բացի դեմագոգիայից ու պոպուլիզմից ծնունդ է տվել նաև մի նոր գաղափարախոսության։ Դա սրբապղծությունն ու սրբազրկությունն է։ Այդ երևույթը ցավոք առկա է նաև լրատվության բնագավառում։

Կա մարդկային մի տեսակ, ով խոսքի ազատությունը շփոթելով սրբազրկության հետ, անցնում է բարոյականության ցանկացած սահման ու որքան շատ է զբաղվում մեռելահայհոյությամբ, այնքան իրեն համարում է առավել արդարամիտ։ Այնինչ, ով հայհոյում է այլոց նախնիներին, պետք է պատրաստ լինի հայհոյանք լսելու և իր նախնիների հասցեին։

Թե՞ երևակայում եք ձեր բառերը խոսքի ազատության ցուցիչ են, մյուսներինը՝ պաշտոնական դիրքի չարաշահում։ Կամ գուցե երևակայում եք որ հայհոյա՞նքն է ճիշտ ընդդիմադրի գրավականը, իսկ ով կոչ է անում պահպանել բարոյականության տարրական նորմերն ու հանգուցյալների հասցեին զուսպ արտահայտվել, ուրեմն իրական ընդդիմություն չէ՞։

Եթե նման էժանագին հնարքներով փորձում եք ձեռք բերել անկրկնելի ընդդիմադրի համբավ, ապա Աստված չանի դա իրականություն դառնա, քանի որ այդ դեպքում հասարակությունը կդատապարտվի հավիտյանս ունենալ նույն իշխանությունը։

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում