Վահան Մարտիրոսյանը Զուրաբ Ալավիձեի հետ ճանապարհաշինական մի շարք ծրագրեր է քննարկել

Վահան Մարտիրոսյանը Զուրաբ Ալավիձեի հետ ճանապարհաշինական մի շարք ծրագրեր է քննարկել

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Զուրաբ Ալավիձեին, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ճանապարհաշինական մի շարք ծրագրեր, այդ թվում՝ Ստեփանծմիդա-Լարս ավտոճանապարհի մոտակայքում նախատեսվող թունելի կառուցման մի շարք մանրամասներ։

Վահան Մարտիրոսյանն ընդգծել է Հայաստանի համար այդ ճանապարհի կարևորագույն նշանակությունը և հույս հայտնել, որ մինչև թունելի կառուցումը, հատկապես ձմեռային ժամանակահատվածում, հատուկ ուշադրություն կդարձվի ճանապարհի ձնամաքրման աշխատանքներին։

Զուրաբ Ալավիձեն հավաստիացրել է, որ իրենք անում են հնարավոր ամեն ինչ ճանապարհի անցանելիությունն ապահովելու համար: Նա ընդգծել է, որ Վրաստանի համապատասխան կառույցները ճանապարհների մաքրման աշխատանքներն իրականացնում են արտակարգ ռեժիմով:

Հանդիպմանը քննարկվել են նաև Վրաստանի և Ռուսաստանի միջև չեզոք գոտու ավտոճանապարհի երթևեկելի մասի լայնացման շինարարական աշխատանքներին և Վրաստանը Հայաստանին կապող ճանապարհի արդիականացմանն առնչվող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում