ՀՀ Առողջապահության նախարարությունը շարունակում է ոչ վարակիչ հիվանդությունների հայտնաբերման (սկրինինգի) ուղղությամբ մեծածավալ ծրագրերի իրականացումը

ՀՀ Առողջապահության նախարարությունը շարունակում է ոչ վարակիչ հիվանդությունների հայտնաբերման (սկրինինգի) ուղղությամբ մեծածավալ ծրագրերի  իրականացումը

Զարկերակային գերճնշման (Հիպերտոնիա) սկրինինգ հետազոտությունները Հայաստանում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը շարունակում է ոչ վարակիչ հիվանդությունների՝ զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման (սկրինինգի) ուղղությամբ մեծածավալ ծրագրերի իրականացումը։ Ծրագիրը իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության առողջության առաջնային պահպանման օղակի բոլոր բուժ հիմնարկներում՝ քաղաքային պոլիկլինիկաներում և գյուղական՝ ամբուլատորիաներում, բացարձակապես ԱՆՎՃԱՐ հիմունքներով:

Զարկերակային գերճնշում և նրա հետևանքները

Զարկերակային գերճնշումը կամ խոսակցականում ավելի հաճախ կիրառելի՝ «արյան բարձր ճնշումը» մի ախտաբանական վիճակ է, որի ժամանակ արյան ճնշումը նորմայից (տվյալ անձի համար աշխատանքային ճնշման սանդղակից) բարձրանում է և որն էլ ուղեկցվում է օրգանիզմին մի շարք ծանր վնաս հասցնող հետևանքներով: Այս վիճակը սրտից պահանջում է սովորականից ավելի մեծ ջանքեր գործադրել՝ արյունը դեպի արյունատար անոթներ մղելու համար: Արյան ճնշումը գնահատվում է երկու ցուցանիշներով՝ սիստոլիկ և դիաստոլիկ ճնշումներով, որոնք իրենցից ներկայացնում են վիճակ՝ կծկված (սիստոլա) և թուլացած կամ հանգստի (դիաստոլա):

Ինչի՞ կարող է հանգեցնել զարկերակային գերճնշումը և որն է դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցը

Զարկերակային գերճնշումը լի է մարդու կյանքին և կենսակերպի որակին վտանգ սպառնացող հետևանքներով: Զարկերակային գերճնշումը՝ ինսուլտի, սրտամկանի ինֆարկտի, սրտային անբավարարության, զարկերակային անևրիզմաների (աորտայի անևրիզմայի), ծայրամասային անոթային հիվանդությունների և երիկամների խրոնիկ հիվանդությունների պատճառն է: Սննդակարգի և կենսակերպի փոփոխությունները կարող են բարելավել արյան ճնշումը և իջեցնել դրա հետ կապված վտանգները, սակայն կենսակերպի փոփոխությունների ոչ արդյունավետ և ոչ գրագետ կազմակերպման դեպքում, հաճախ լուրջ հետազոտությունների և հետագա դեղորայքային բուժման կարիք է առաջանում:

Իրավիճակը Հայաստանում

Համաշխարհային առողջապահական կազմակերպությունների ընդհանուր վիճակագրական տվյալներով՝ սրտանոթային հիվանդություններով տառապում են աշխարհի ազգաբնակչության շուրջ 25 %-ը, որոնց գերակշիռ մասն են կազմում 65 և բարձր տարիքային շեմը հատած անձինք: Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում հիվանդությունը համարվում է երիտասարդ և ընդհանուր բնակչության ցուցանիշներով հիվանդությամբ տառապում են երկրի շուրջ 27% բնակիչները, կրկին գերակշիռ մասն են կազմում 65 և բարձր տարիքային շեմը հատած անձինք: Հիվանդությունը առավել հաճախ հանդիպում է քաղաքային բնակավայրերում:

Համաշխարհային իրազեկման մակարդակը զարկերակային գերճնշման վերաբերյալ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գերճնշումը կամ արյան բարձր ճնշումը համարում է սիրտ-անոթային մահացության հիմնական պատճառը։ Զարկերակային գերճնշման համաշխարհային լիգան (ԳՀԼ, անգլ.՝ The World Hypertension League), որը 85 գերճնշման ազգային միավորումները և լիգաները միավորող կազմակերպություն է, պարզել է, որ ամբողջ աշխարհում գերճնշում ունեցող բնակչության 50% տեղյակ չէ իր վիճակի մասին։ Այս խնդրի լուծման համար ԳՀԼ-ն 2005 թվականին ձեռնարկեց գերճնշման դեմ ուղղված համընդհանուր արշավ և ամեն տարվա մայիսի 17-ը համարեց գերճնշման համաշխարհային օր (ԳՀՕ):

Անցած երեք տարիների ընթացքում նոր ազգային միություններ են անդամակցել ԳՀԼ-ին և այս միտքը հանրությանը հասցնելու գործում եղավ բավականին նորարար։ 2007 թվականին գրանցվեց ռեկորդային մասնակցություն՝ 47 անդամ երկրներից։ Գերճնշման համաշխարհային օրն ընդգրկող շաբաթվա ընթացքում բոլոր այս երկրները՝ տեղական կառավարությունների, մասնագիտական միությունների, ոչ պետական կազմակերպությունների և մասնավոր ձեռնարկությունների հետ համագործակցելով ԶԼՄ-ների և հանրային ակցիաների միջոցով նպաստում են բնակչության շրջանում գերճնշման վերաբերյալ իրազեկվածության տարածմանը։ Այս եղանակով իրազեկումը հասել է ավելի քան 250 միլիոն մարդու։ Քանի որ տարեց տարի այս ամենն ավելի մեծ թափ է ստանում, ԳՀԼ-ում վստահ են, որ իրենք «կհասնեն» արյան բարձր ճնշում ունեցող 1, 5 միլիարդ անձանցից գրեթե բոլորին։

Ի՞նչպես են իրականացվում սկրինինգ միջոցառումները զարկերակային գերճնշման ժամանակ և արդյոք ընդամենը մեկ անգամ բարձր ճնշում ունենալը ուշադրության արժանի՞ փաստ է, թե կարելի է պարզապես մոռանալ այդ մասին և վերջ

Զարկերակային գերճնշման սկրինինգ հետազոտությունը կատարվում է բոլորիս ծանոթ ճնշաչափերի (մեխանիկական կամ էլեկտրական) միջոցով: Սա առօրեական թվացող, սակայն չափազանց կարևոր հետազոտություն է , որը պարտադիր կերպով կատարվում է բուժհիմնարկներում: Ըստ անհրաժեշտության, բժշկի ցուցումով կարող են կատարվել նաև երկրորդային սկրինինգ հետազոտություններ, այս պարագայում օրինակ՝ էլեկտրասրտագրություն կամ սոնոգրաֆիկ որևէ հետազոտություն: Հիշենք, որ բնակարանային պայմաններում կատարվող առօրեական ճնշաչափումները չեն կարող համարվել սկրինինգ միջոցառումներ, քանի որ կան բազմաթիվ նեղ բժշկական (նեղ մասնագիտական՝ սրտաբանական) հանգամանքներ, որոնցից իրազեկ են միայն բժիշկները, դրանցից է օրինակ՝ շողացող առիթմիան, ստենոկարդիան, պարոքսիզմալ տախիկարդիան, բրադիկարդիան և այլն: Այս հիվանդությունների սրացումների (նոպաների) ժամանակ, կատարված ճնշաչափումները կարող են այնպիսի արդյունքներ գրանցել, որոնք կարող են ոչ մասնագետին կեղծ թվալ, սակայն միայն բժիշկը կարող է հասկանալ տվյալ պահին սիրտ-անոթային համակարգում կատարվող հիվանդագին երևույթները: Համաշխարհային սրտաբանական կազմակերպությունները հորդորում եմ նույնիսկ մեկ անգամ զարկերակային գերճնշում կամ առիթմիա ունենալու դեպքում անպայման դիմել բժշկի: Հայերի մոտ ընդունված է խորհուրդ հարցնել հարևաններից, ընկերներից, մտերիմներից, դեղատներից: Բայց միայն բժիշկը կարող է հիպերտոնիայի բուժմանն ուղղված 6 խմբի դեղամիջոցներից ընտրել ամենաօպտիմալը ՝յուրաքանչյուր հիվանդի համար անհատական:

Հիշենք, որ սկրինինգային ծրագրերն իրականացվում են առողջապահության առաջնային հաստատություններում՝ պոլիկլինիկաներում կամ ամբուլատորիաներում: Դրանք ԱՆՎՃԱՐ են և հասանելի Հայաստանի բոլոր քաղաքացիներին: Զարկերակային գերճնշման սկրինինգ կարող են անցնել 30–68 տարեկան բոլոր անձինք՝ անկախ սեռից և բնակավայրից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում