Եթե որևէ պաշտոնյայի զավակ հաջողակ բիզնեսմեն է՝ չպետք է հեռուն գնացող հետևություններ անել

Եթե որևէ պաշտոնյայի զավակ հաջողակ բիզնեսմեն է՝ չպետք է հեռուն գնացող հետևություններ անել

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձավ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների անվան հետ կապվող տարբեր բիզնես նախագծերի և այդ համատեքստում կոռուպցիայի դեմ պայքարի մասին հարցին: «Հասկանում եմ, որ կա հանրային բացասական ընկալում՝ հատկապես հաշվի առնելով տնտեսական զարգացումը, բայց չեմ կարող միանշանակ համաձայնել այն հանգամանքի հետ, որ եթե ինչ-որ մի պաշտոնյայի զավակ զբաղվում է բիզնեսով և հաջողակ բիզնեսմեն է, ապա անմիջապես պետք է հեռուն գնացող հետևություններ անենք», – ասաց Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով, այն, որ պաշտոնյայի ընտանիքի մերձավոր կամ ամենանեղ շրջանակը ևս դարձել է գույքի եկամուտների հայտարարատու, կոռուպցիայի դեմ իրականացվող քայլերից մեկն է:

«Ոչ միայն բարձրաստիճան անձը, այլ նաև նրա կինը, երեխաները ևս պետք է ներկայացնեն գույքի և եկամուտների հայտարարագիր: Սա է պայքարելու հիմնական գործիքը, վտանգավոր է օգտագործել այլ գործիքներ, որոնք մերժված են ամբողջ աշխարհում: Այս առումով, մեր կողմից ձեռնարկվող քայլերը ունեն կանխարգելիչ նշանակություն»,- ասաց նա՝ ավելացնելով, որ կառավարությունը ներմուծում է նաև շահերի հայտարարագրման ինստիտուտ, քանի որ հնարավոր է հանդիպել այնպիսի երևույթի, որը կոչվում է շահերի բախում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում