ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք փաստաթղթեր են ստորագրվել

ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք փաստաթղթեր են ստորագրվել

Այսօր Մինսկում մեկնարկած ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը անդրադարձել են Հավաքական անվտանգության խորհրդի 2016թ. երևանյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստին հավանություն է տրվել օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհդրի նստաշրջանի օրակարգում ներառված երկու տասնյակից ավելի փաստաթղթերի նախագծերին։
Հանդիպմանը քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման, տեղեկատվական անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը նիստի մասնակիցներին զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների մասին։

Հայկական պատվիրակության անունից ելույթ ունենալով համատեղ նիստին՝ Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության քառորդդարյա ուղուն՝ ընդգծելով, որ անցյալ տարի կազմակերպության երևանյան գագաթաժողովին ընդունված «Մինչև 2025թ. ՀԱՊԿ զարգացման հայցեակարգում» հստակ նախանշված են ՀԱՊԿ կազմակերպության հետագա անելիքները։

Նախարար Նալբանդյանը գործընկերներին ներկայացրել է նույն օրը կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովի հաստատմանը Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Հավաքական անվտանգության խորհրդի հայտարարության նախագիծը։

Հանդիպման արդյունքներով ստորագրվել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք փաստաթղթեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում