ՀՀ նախագահն այլևս լիազորված չի լինի տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասել

ՀՀ նախագահն այլևս լիազորված չի լինի տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասել

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ընդգծեց, որ նախագծով առաջարկում են տեխնիկական փոփոխություններ` կապված սահմանադրական փոփոխությունների և ՀՀ նախագահի լիազորությունների սահմանափակման հետ:

«Հանրապետության նախագահի լիազորությունները սահմանափակվել են նոր Սահմանադրությամբ, սակայն «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում մնացել են նրան վերապահված լիազորություններ, որոնք նա նոր Սահմանադրությամբ չունի: Օրինակ ամրագրված է, որ այլ պետություններին պետական գաղտնիք փոխանցելու գործառույթ ենթադրող միջազգային պայմանագրերի վավերացման կարգը սահմանում է հանրապետության նախագահը, սակայն նոր Սահմանադրությամբ նրան նման լիազորություն վերապահված չէ, դրա համար մենք այդ դրույթը հանել ենք նախագծից»,- մանրամասնեց Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքը սահմանում է, որ Հանրապետության նախագահն իր իրավասության սահմաններում իրականացնում է տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում այլ լիազորություններ:
Օրենքը նաև սահմանում է, որ այն միջազգային պայմանագրերը, որոնցով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններն այլ պետություններին փոխանցելու պարտավորություն, կնքվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի սահմանած կարգով: Մինչդեռ, սահմանադրական իրավակարգավորումներում առկա չէ Հանրապետության նախագահի՝ պետական ու ծառայողական գաղտնիքի պաշտպանության բնագավառում, ինչպես նաև միջազգային պայմանագրերի կնքման կարգ սահմանելու լիազորություններ:

Բացի այդ, օրենքում առկա է դրույթ Վերահսկիչ պալատի մասին: Հաշվի առնելով, որ նոր Սահմանադրությամբ Վերահսկիչ պալատն անվանափոխվել է Հաշվեքննիչ պալատ` առաջարկում են օրենքում ևս սահմանել Հաշվեքննիչ պալատ:

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը նկատեց, որ ներկայացված նախագծում ամրագրված չէ, թե նախագահի փոխարեն ով է ստանձնելու տեղեկությունները, փաստաթղթերը ծառայողական կամ պետական գաղտնիքի շարքին դասելու և դրանք այլ պետությունների փոխանցելու գործառույթ ենթադրող միջազգային պայմանագրերի վավերացման կարգը: «Ես առաջարկում եմ մինչև երկրորդ ընթերցում օրենքի նախագծում հստակեցնել նաև այս հարցը, թե ով է ստանձնելու այս լիազորությունները, վարչապե՞տը, թե՞ կառավարությունը, որպեսզի ամեն ինչ ավելի հստակ լինի»,- եզրափակեց Թովմասյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում