Մասիմո Ջենտիլի Տեդեսկին Երևանի երաժշտական գրադարանը փրկելու առաջարկներ ունի

Մասիմո Ջենտիլի Տեդեսկին Երևանի երաժշտական գրադարանը փրկելու առաջարկներ ունի

Միլանի BRAIDANSE ազգային գրադարանի «UFFICIO Ռիկերկա» երաժշտական ֆոնդի ղեկավար Մասսիմո Ջենտիլի Տեդեսկին կարծում է, որ հայազգի և օտարազգի երաժշտագետների, կոմպոզիտորների արխիվային զանազան նյութեր պարունակող Երաժշտական գրադարանի քարտարանը թվայնացման կարիք ունի:

Լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ, գալով Հայաստան, հանդիպել է Հայաստանի ազգային, Կոմիտասի և այլ թանգարանների տնօրենների հետ: «Խոսել ենք Երաժշտական գրադարանի ճակատագրի, այն փրկելու, դրա հարուստ ֆոնդը թվայնացնելու մասին: Այդ իմաստով միջազգային փորձառությունը շատ կարևոր է: Երաժշտական գրադարանի այս պահին ոչ առանցքային, սակայն կարևոր խնդիրներից է թվային քարտարան ունենալը: Քարտարանները օտարերկրացիներին անմատչելի են: Շատերին կհետաքրքրի գրադարանի ֆոնդը, բայց կա լեզվական խոչընդոտը»,- նշեց Մասսիմո Ջենտիլի Տեդեսկին:

Նա ընդգծեց, որ իր աշխատանքը դժվար է բնորոշել: Զբաղվում է քարտարանների թվայնացման կանոններով, օրենքներով, քարտարանների կառուցվածքով, դրանց պահպանման խնդիրներով, քարտարանները կազմելու, բանալի բառերը հստակեցնելու տերմինաբանությամբ:

Վերադառնալով գրադարանի քարտարանի թվայնացմանը` նա շեշտեց, որ այն երկար ու բարդ աշխատանք է: Ստանդարտացված ծրագրի վրա որոշ կետեր ավելացնել, որոնք թույլ կտան գրադարանի նյութը հասանելի դարձնել նաև Հայաստանից դուրս: Այդ նպատակով անցկացվող վարպետության դասընթացների, տարբեր հանդիպումների միջոցով մասնագետը փորձել է ուղղություն տալ Հայաստանում աշխատող մասնագետներին:

Մասսիմո Ջենտիլի Տեդեսկին ընդգծեց, որ անգամ ամենաֆանտաստիկ, անհավանական արագությամբ աշխատելու դեպքում մեկ ժամում հնարավոր է չորս նյութ քարտայնացնել: 250000 կտորը թվայնացնելու համար մեկ մարդուն երեսուն տարի կպահանջվի, իսկ երեսուն մարդուն` մեկ տարի:

Նա ասաց, որ նմանատիպ նախագիծ իրականացվել է Իտալիայում: 460 000 քարտը թվայնացվել է հինգ տարում: Աշխատել է 15 մարդ: Ներկայումս Իտալիան ունի աշխարհի ամենալավ երաժշտական քարտարանը:

Մասսիմո Ջենտիլի Տեդեսկին առաջին անգամ Հայաստան է եկել 2006-ին իր հայաստանաբնակ գործընկերների, այդ թվում՝ Խնկո-Ապոր անվ. ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի հրավերով: «Նրանք ցանկանում էին ինձ հետ համագործակցել ու տեսնել, թե ինչ է հնարավոր անել խորհրդային ժամանակներից ժառանգություն ստացած Երաժշտական գրադարանը պահպանելու համար: Հատկապես այդ տարիներին այն շատ վատ վիճակում էր, գրադարանի հսկայական ֆոնդերը կորստյան եզրին էին: Դեռ այդ ժամանակ անգլիացի գործընկերոջս հետ հանդիպեցինք ՀՀ մշակույթի նախկին նախարարի հետ: Գրադարանի համար նոր շենք կառուցելու, գրքերը մաս-մաս այլ թանգարաններ տեղափոխելու և այլ առաջարկներ եղան»,- շեշտեց նա:

Հաջորդ անգամ 2011-ին է եկել Հայաստան: Նա խոստովանեց, որ քիչ բան էր փոխվել:

Երաժշտական գրադարանի տնօրեն Գուլո Նահատակյանի մահվանից հետո գրադարանի ֆոնդի մի մասը տեղափոխվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Կրկին Ռուզան Տոնոյանի ու Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի աջակցությամբ Տեդեսկին եկել է Հայաստան: «Նրանք շահագրգռված են գրադարանը փրկել: Փորձում ենք հասկանալ, թե ինչ իրավիճակ է հիմա: Արդյոք թանգարանն ունի՞ բավարար տարածք ֆոնդի պահպանության համար, ի՞նչ է հարկավոր քարտարանի թվայնացման համար:

Շատ աշխատանք կա անելու: Գրադարանը շատ մեծ է, 250 000 կտոր նյութ կա այնտեղ: Առկա են երաժշտագիտական գրականություն, պարտիտուրներ: Պետք է հասկանալ, թե դրանց որ մասն է հնարավոր պահել Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Թանգարանն ունի լավ տարածք, որտեղ կարելի է ներկայացնել այդ գործերը, ունի տարածք, որտեղ կարելի է ուսումնասիրել դրանք»,-ասաց նա:

Թանգարանը կարող է դառնալ այն վայրը, որտեղ հնարավոր է հասարակայնացնել այդ երաժշտությունը, բայց առաջին խնդիրն այդ գրադարանը փրկելն է:

Երաժշտությունը մշակութային արժեք է, որը լեզվական խոչընդոտներ չունի, այն հեշտությամբ կարելի է տարածել ողջ աշխարհում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում