Կոնյակի սպիրտ և շշալցված կոնյակ արտադրող ընկերությունների համար ստեղծվում են հավասար մրցակցային պայմաններ

Կոնյակի սպիրտ և շշալցված կոնյակ արտադրող ընկերությունների համար ստեղծվում են հավասար մրցակցային պայմաններ

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ փոփոխությունները բխում են հավաքագրվող տարեկան մուտքերի պահպանման պետական տուրքի և ակցիզային հարկի դրույքի հաշվարկման մեթոդի առաջարկման միջոցառման կատարման և կոնյակի սպիրտի ու կոնյակ արտադրող մեծ և փոքր, ինչպես նաև ներմուծող տնտեսական սուբյեկտների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ:

«Նախագծերի փաթեթով առաջարկվում է, մասնավորապես, սահմանված կոնյակի ակցիզային հարկի հարկման բազան փոփոխել և ակցիզային հարկի դրույքաչափերը սահմանել իրացվող 1 լիտրի (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) հաշվարկով, ըստ տարիքային խմբերի, բարձրացնել շշալցված հայկական կոնյակների համար սահմանված իրացման նվազագույն գինը և դրանք սահմանել ըստ տարիքային խմբերի, խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմերի արտադրության իրականացման գործունեության տեսակի համար հանել մեկից ավելի յուրաքանչյուր վայրում ծանուցման ենթակա նույն տեսակի գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափի հիսուն տոկոսի չափով լրացուցիչ տուրք վճարելու պահանջը»,- ասաց նախարարը: Ըստ նրա, արդյունքում ակնկալվում է, որ կոնյակի սպիրտներ և շշալցված կոնյակ արտադրող, իրացնող և ներմուծող մեծ և փոքր ընկերությունների համար կստեղծվեն հավասար մրցակցային պայմաններ և կոնյակի արտադրությամբ կսկսեն զբաղվել այլ փոքր ընկերություններ, կոնյակի ու բրենդիի սպիրտներ արտադրող և ներմուծող, ինչպես նաև շշալցված կոնյակ ու բրենդի իրացնող և ներմուծող տնտեսավարող սուբյեկտների համար կապահովվի հավասար մրցակցային միջավայր, կնվազեն կոնյակի և բրենդիի սպիրտների ներմուծման և իրացման ծավալները, 10-ից 15 տոկոսով կամ 0.5 մլն լիտրով կավելանան տեղական շուկայում իրացվող շշալցված հայկական կոնյակների ծավալները, կմեծանա խաղողի նկատմամբ առկա պահանջարկը, կավելանան պետբյուջեի մուտքերը, ինչպես նաև տնտեսավարողների եկամուտներն ու շրջանառու միջոցները, որոնք կուղղվեն արտադրության զարգացմանն ու ընդլայնմանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե որքանով են սեփական արտադրողին պաշտպանում այս որոշմամբ, իսկ նախարարը պատասխանեց, որ ոչ միայն պաշտպանում են, այլև խրախուսում սեփական արտադրանք ունենալն ու արտահանելը:
Իգնատի Առաքելյանը նշեց, որ փոփոխությամբ բարձրացնում են նաև շշալցված հայկական կոնյակների համար սահմանված իրացման նվազագույն գինը՝ սահմանելով ըստ տարիքային խմբերի: Նա ասաց, որ առանձին արտադրողների, շահագրգիռ կողմերի հետ քննարկվել են այս փոփոխությունները:

Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ արդյոք բարձր չէ 100 հազար լիտրի շեմը։ Նախարարը պատասխանեց, որ այդ շեմն անցնող խոշորները 3-4-ն են:

Վարչապետը շարունակեց` նշելով, որ գուցե նրանց համար իջեցվի շեմը: «Մենք ասում ենք, որ հավասարաչափ պետք է լինի բեռը փոքր ու խոշոր արտադրողի համար: Լավ նախաձեռնություն է, ուղղակի պետք է մինչև վերջ հաշվարկել, որպեսզի այլ տեղ խնդիր չստեղծենք»,- նշեց կառավարության ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում