Պետական գույքի վաճառքի գործընթացում կներդրվեն առավել արդյունավետ ժամանակակից մեթոդներ

Պետական գույքի վաճառքի գործընթացում կներդրվեն առավել արդյունավետ ժամանակակից մեթոդներ

Գործադիրը հաստատեց Պետական գույքի կառավարման 2018-2020 թթ. ծրագիրը: Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի խոսքով` այն պետական գույքի կառավարման գրեթե բոլոր կողմերն ընդգրկող համապարփակ փաստաթուղթ է, որտեղ սահմանված են պետական գույքի կառավարման քաղաքականության հիմնական տարրերը, սկզբունքներն ու գերակայությունները, հիմնական միջոցառումները, սպասվելիք ֆինանսական արդյունքներով և պահանջվող ծախսերով, միջոցառումների համար պատասխանատու մարմիններով, ակնկալվող արդյունքներով:

«Ծրագրով, մասնավորապես՝ նախատեսվում է 2018 թ.-ից ներդնել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ անցկացնելու, դրանց գործունեությունը վերլուծելու, արդյունքներն ամփոփելու, գործունեության արդյունավետությունը որոշելու, գործադիր մարմինների ղեկավարների աշխատանքը գնահատելու և առաջարկություններ ներկայացնելու նոր գործիքակազմ: Պետական գույքի հաշվառման և անշարժ գույքի գրանցամատյանի վարման համակարգն արդիականացնելու նպատակով 2018 թ.-ին հաշվառման փաստաթղթային համակարգից անցում կկատարվի էլեկտրոնային ինտեգրացված համակարգի: Պետական գույքի վաճառքի գործընթացում կներդրվեն առավել արդյունավետ ժամանակակից մեթոդներ և գործիքակազմ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ 2018թ. օտարման ենթակա գույքի վաճառքը կիրականացվի նաև էլեկտրոնային աճուրդների միջոցով:

«Այս ծրագիրը կարելի է համարել պետական գույքի կառավարման ոլորտում ամբողջական բարեփոխումների ծրագիր, որտեղ ամփոփված են ՀՀ Նախագահի և վարչապետի բոլոր հանձնարարականները»,- նշեց Սահակյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում