Ռուսաստանում ցուցադրվել են հայկական ասեղնագործ ժանյակները

Ռուսաստանում ցուցադրվել են հայկական ասեղնագործ ժանյակները

Մոսկվայի Դեկորատիվ-կիրառական և ժողովրդական արվեստի համառուսաստանյան թանգարանի նախաձեռնած «XV գիտական ընթերցումներ նվիրված Վիկտոր Վասիլենկոյի հիշատակին» միջազգային գիտագործնական խորհրդաժողովին մասնակցել է նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտահետազոտական բաժնի վարիչ Կարինե Բազեյանը: Խորհրդաժողովի մասնակիցների թվում եղել են Ռուսաստանի Դաշնության, ԱՊՀ և արտասահմանյան տարբեր երկրների 70 մասնագետներ` պատմաբաններ, վերականգնողներ, արվեստագետներ, անկախ հետազոտողներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ռուսական ոճ. ազգային ինքնության փնտրտուքներում» խորագիրը կրող միջոցառման զեկուցումները վերաբերել են դեկորատիվ-կիրառական արվեստում և դիզայնում առկա ազգային ավանդույթներին, թանգարանային առարկաների որոշարկման ու վերականգնման, գեղարվեստական արհեստագործության պահպանման ու զարգացման հարցերին, ինչպես նաև XXI դարում դեկորատիվ արվեստի, նորաձևության ու դիզայնի ցուցադրության կազմակերպման հիմնախնդիրներին:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտահետազոտական բաժնի վարիչ Կարինե Բազեյանի «Հայկական ժանյակ. ավանդականն ու նորը» զեկուցումն ուղեկցվել է լուսապատկերային ցուցադրությամբ: Նա խոսել է հայկական ասեղնագործ ժանյակների առանձնահատկությունների, ավանդական զարդահորինվածքների և զարդահամալիրների մասին, համեմատել դրանք ժամանակակից ժանյակների հետ: Կարինե Բազեյանը ներկայացրել է ժողովրդական վարպետ Լենա Գորգինյանի ասեղնագործ ժանյակները, որոնք առանձնանում են նոր մեկնաբանությամբ և շատ ընդհանրություններ ունեն հայկական խաչքարերի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում