ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում բացվել է ֆրանսահայ քանդակագործ Թորոս Ռասթկելենյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում բացվել է ֆրանսահայ քանդակագործ Թորոս Ռասթկելենյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել Հալեպում ծնված ֆրանսահայ հայտնի քանդակագործ Թորոս Ռասթկելենյանի ստեղծագործությունների՝ «Խաղաղություն. Թորոսի ամբողջական հավաքածու» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ցուցահանդեսը կազմակերպվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի և Սիրիայի մշտական ներկայացուցչությունների համատեղ ջանքերով։

Բացման արարողությանը ելույթներով հանդես եկան ՅՈՒՆԵՍԿՕ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Լամյա Շաքուրը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Լևոն Ամիրջանյանը և Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար, դեսպան Վահրամ Կաժոյանը։

Միջոցառմանը ներկա էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի նախագահը, քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Ֆրանսիայի սենատորներ, պատգամավորներ, ինչպես նաև մշակույթի գործիչներ, ֆրանսահայ համայնքի անդամներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Այցելուների համար ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 1-ը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում