Հայաստանում դատավորի թեկնածուները պարտավոր են լինելու տիրապետել օտար լեզուների

Հայաստանում դատավորի թեկնածուները պարտավոր են լինելու տիրապետել օտար լեզուների

Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի լրամշակված նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Սահմանադրությամբ ամրագրված մոտեցումներով երաշխավորել դատական իշխանության գործառութային, կառուցակարգային, նյութական և սոցիալական անհրաժեշտ ու բավարար նախադրյալները: Օրինագծով, մասնավորապես, ամրագրվել են դատական իշխանության կազմակերպման և գործունեության հիմունքները և սկզբունքները, սահմանվել են ՀՀ դատարանների կառուցվածքը, կազմը և դրանց իրավասության տիրույթները՝ որպես Սահմանադրությամբ չնախատեսված մասնագիտացված դատարան ամրագրելով սնանկության դատարանը, կարգավորվել են դատարանների և դատական իշխանության ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարցերը, ամրագրվել են դատավորի գործունեության երաշխիքները, նախատեսվել են դատավորի վարքագծի և էթիկայի կանոնները:

«Դատական նոր օրենսգրքով մեկ անգամ ևս ամրագրվում է, որ Երևանում գործելու է մեկ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։ 2019 թվականից ստեղծվելու է Սնանկության դատարան, որի նպատակն է լինելու սնանկության վարույթը դարձնել ավելի արդյունավետ: Փոփոխությունների երկրորդ բլոկը վերաբերում է բարձրագույն դատական խորհրդի ու դատավորների ընդհանուր ժողովի միջև ֆունկցիաների տարանջատմանը, քանի որ վերանում է դատարանների նախագահների խորհուրդը։ Սպառիչ թվարկվել են դատավորի վարքագծի կանոնները, որոնք խախտելու համար նա կարող է պատասխանատվության ենթարկվել։ Ի տարբերություն վարքագծի կանոնների՝ օրենսգրքում սահմանվել են էթիկայի կանոններ, որոնք հաստատելու է հենց դատավորների ինքնակառավարման մարմինը»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ ավելացնելով, որ այդ կանոններն ավելի ուղենիշային են, դրանց համար սանկցիա չի նախատեսվում, սակայն դատավորները իրենք պիտի ձգտեն հասնել դրան:

Նախարարի խոսքով՝ սահմանվել է դատական սանկցիաների ավելի հստակ համակարգ: «Կողմերի հավասարությունը պահպանելու նպատակով նախատեսվում է, որ նույն սանկցիաները կարող են կիրառվել թե՛ դատախազների, թե՛ փաստաբանների նկատմամբ: Սահմանվել են դատավորի գործունեության գնահատման վերաբերյալ որոշակի կարգավորումներ, թեպետ այդ գնահատումը չի կարող ազդել նրա լիազորությունների դադարեցման վրա, սակայն պարբերաբար նման գնահատումներ իրականացնելը կարող է նրանց առջեւ նոր խնդիրներ դնել»,– ընդգծեց նախարարը։

Դավիթ Հարությունյանը նշեց, որ օրենսգրքով կարգավորվել է բարձրագույն դատական խորհրդի ձևավորման կարգը։ Սահմանվել է մուտքը դատական իշխանություն՝ որակավորման ստուգումներ, խստացված պահանջներ դատավորի թեկնածուի համար։ Հավակնորդները պարտավոր են նաև օտար լեզուների տիրապետել։

«Առաջին անգամ մենք պետական պաշտոնյայի համար նման պահանջ ենք սահմանում: Տարանջատվել են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ու լիազորությունների դադարեցման վարույթները։ Բացի Սահմանադրությամբ սահմանված՝ դատավորի գործառութային անձեռնմխելիությունից՝ սահմանվել են նաև մի շարք գործիքներ, որոնք վիճելի են, ու այդ գործիքների հետ կապված եղել են առարկություններ։ Խոսքը վերաբերում է դատավորի մասնակցությանը այն քրեական գործերին, որոնցով ինքը չի հանդիսանում որպես մեղադրյալ կամ կասկածյալ, կամ, թեև կասկածյալ է հանդիսանում, սակայն դրանք կապված չեն իր լիազորություններին: Օմբուդսմենի և իր աշխատակազմի համար մենք ապահովել ենք լրացուցիչ անձեռնմխելիության երաշխիքներ, որպեսզի ապահովենք նրանց անկախ գործունեություն»,– ասաց նախարարը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում