ԱՄՆ-ը ձգտելու է ԿԺԴՀ-ի միջուկային խնդիրը լուծել ՄԱԿ-ի օգնությամբ

ԱՄՆ-ը ձգտելու է ԿԺԴՀ-ի միջուկային խնդիրը լուծել ՄԱԿ-ի օգնությամբ

ԱՄՆ-ը հետեւողականորեն ձգտելու է ԿԺԴՀ-ի միջուկային խնդիրը լուծել ՄԱԿ-ի օգնությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը «այսուհետեւ էլ դիվանագիտական ջանքեր է գործադրելու», որպեսզի համոզի Փենյանին հրաժարվել միջուկային զենքի եւ դրա փոխադրման միջոցների մշակումից: «Ես չեմ ցանկանում ասել, որ դիվանագիտությունը չի աշխատում,- նշել է նա:– Մենք կշարունակենք աշխատանքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, հետեւողականորեն կընթանանք այդ ճանապարհով»: «Միեւնույն ժամանակ մեր դիվանագետները հանդես կգան ուժի դիրքից, որովհետեւ մենք ունենք գործողությունների ռազմական տարբերակներ»,– հավելել է Մեթիսը:

Ավելի վաղ ԱՄՆ-ը բոլոր երկրներից պահանջել է խզել կապերը ԿԺԴՀ-ի հետ: ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին՝ նոյեմբերի 29-ին ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որը նվիրված Էր ԿԺԴՀ-ի հերթական հրթիռային փորձարկմանը, հայտարարել է, որ աշխարհի երկրները պետք է խզեն ամեն տեսակ հարաբերությունները ԿԺԴՀ-ի հետ:

Նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան՝ ժամը 03:18-ին (Երեւանի ժամանակով նոյեմբերի 28-ի 22:18-ին) ԿԺԴՀ-ն ընդհատեց երկուսուկես ամիս ձգված լռությունը եւ իրականացրեց բալիստիկ հրթիռի հերթական արձակումը: ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի զինվորականների տվյալներով՝ նոր հրթիռը տեխնիկական բնութագրերով գերազանցում է մինչ օրս Հյուսիսային Կորեայի կողմից փորձարկված բալիստիկ հրթիռներին: Հրթիռի թռիչքը տեւել Է 53 րոպե, այդ ընթացքում թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է 4 – 4,5 հազար կիլոմետր, իսկ հեռվությունը՝ շուրջ հազար կիլոմետր: Այն ընկել է Ճապոնիայի ափերից 250 կիլոմետր հեռավորության վրա՝ Ամորիի պրեֆեկտուրայի շրջանի բացառիկ տնտեսական գոտում:

Նոր արձակման առնչությամբ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն «ստեղծում Է այնպիսի հրթիռներ, որոնք կարող են սպառնալ գործնականում ամբողջ աշխարհին», ինչպես նաեւ, «անտարակույս, ԱՄՆ-ին»: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «ԱՄՆ-ը գլուխ կհանի դրանից», եւ ընդգծել է, որ այս հիմնախնդրի նկատմամբ իր երկրի մոտեցումը կմնա անփոփոխ: «Ոչինչ չի փոխվի: Մենք կզբաղվենք դրանով: Դա իրավիճակ Է, որից մենք գլուխ կհանենք»,- խոստացել է Թրամփը: Նա նաեւ հավելել է, որ ԱՄՆ-ը շատ լուրջ մոտեցում ունի հիմնախնդրի նկատմամբ:

Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ իր երկիրն առաջվա պես բաց է դիվանագիտական երկխոսություն վարելու համար: «Միացյալ Նահանգներն առաջվա պես հանձնառու է ԿԺԴՀ-ի միջուկազերծման եւ ռազմատենչ գործողությունների դադարեցման խաղաղ ճանապարհի որոնմանը»,- հայտարարել Է պետքարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում