Գյուղատնտեսության ոլորտում գործող միջազգային կազմակերպությունները կունենան միասնական կայքէջ

Գյուղատնտեսության ոլորտում գործող միջազգային կազմակերպությունները կունենան միասնական կայքէջ

ՀՀ գյուղատնտեսության նախաարարության նախաձեռնությամբ՝ «Տեխնիկական օժանդակություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացման» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել գյուղատնտեսության ոլորտում աշխատող դոնոր կազմակերպությունների հանդիպում, որի ընթացքում քննարկվել են ծրագրերի փոխանակման հարթակի ստեղծման աշխատանքները: Ծրագիրը նախատեսում է էլեկտրոնային հարթակի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր կազամակերպություն կներբեռնի զարգացման ծրագրերը, կատարված աշխատանքները և արդյունքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմիանը, ինչպես նաև ոլորտում օժանդակություն տրամադրող միջազգային զարգացման և միջազգային ֆինանսական կազմակերպություններ:

Արմեն Հարությունյանի խոսքով` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ENPARD ծրագրի մեկնարկի ժամանակ առաջարկել է ստեղծել դոնորների համակարգման մեխանիզմ՝ զարգացման-համագործակցության հարթակ, ինչը կբարձրացնի ծրագրերի թափանցիկությունը, կնվազեցնի կրկնությունները, կնպաստի կառավարության կողմից սահմանված նպատակների համապատասխանելիությանը, կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև հնարավորություն կտա ֆինանսական օժանդակությունն առավել նպատակային օգտագործել:

«Մենք ստեղծում ենք կայք, որտեղ յուրաքանչյուր միջազգային կազմակերպություն՝ դոնոր և իրականացնող, տեղեկատվություն է տրամադրելու ծրագրերի աշխարհագրության, հիմնական ուղղությունների և արդյունքների վերաբերյալ»,- նշել է փոխնախարարը: Այս կայքում կզետեղվեն նաև բոլոր վերոնշյալ կազմակերպությունների հրապարակումները: Կայքը նախատեսվում է գործարկել 2018 թվականի սկզբին:

ENPARD ծրագրի ղեկավար Վահան Ամիրխանյանն իր հերթին նշել է, որ կայքի միջոցով միջազգային կազմակերպությունները կարող են գտնել համագործակցության եզրեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում