Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցչին

Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցչին

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 1-ին ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Նախարար Նալբանդյանը շնորհավորեց Տոյվո Կլաարին պաշտոնը ստանձնելու կապակցությանբ և հաջողություն մաղթեց նրան` հույս հայտնելով, որ ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչը՝ իր մանդատի շրշանակներում, կնպաստի առկա հիմնահարցերի կարգավորմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին առնչվող հարցեր, երկուստեք կարևորվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը՝ նշելով, որ այն ամուր իրավական հիմք է ՀՀ և ԵՄ միջև համագործակցության առավել ամրապնդման և խորացման համար:

Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցնումները, ինչպես նաև այդ ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար Տոյվո Կլաարը նշեց, որ ամենայն պատասխանատվությամբ է մոտենում իր առաքելությանը և վերահաստատեց Եվրոպական միության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և մոտեցումներին՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում