Կարեն Նազարյանը ներկայացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի բովանդակությունը

Կարեն Նազարյանը ներկայացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի բովանդակությունը

Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն ընդգծում է հավասար գործընկերության վրա հիմնված սերտ և կանոնավոր համագործակցության խթանումը, հարաբերությունների ընդլայնումն ու բարեփոխումների իրականացումը: Ազգային ժողովում «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: «Համաձայնագրում անդրադարձ է կատարվում միջազգային անվտանգության և խաղաղության ամրապնդման և խթանման հարցերին, համաձայնեցված ձևաչափերով հակամարտությունների խաղաղ կարգավորմանը»,- նշեց փոխնախարարը:

Նա շեշտեց, որ համաձայնագրում առանձնակի և հստակ անդրադարձ կա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և երկարատև կարգավորմանը: «Կարևոր է, որ այս համաձայնագիրը վերահաստատում է Եվրամիության հայտարարված հանձնառությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման ջանքերին և մոտեցումներին՝ հիմնված միջազգային նորմերի և սկզբունքների վրա»,– ասաց Կարեն Նազարյանը:

Համաձայնագրում խոսվում է նաև անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարի կանխարգելման հարցերի շուրջ կողմերի մոտեցումների մասին: «Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ երկխոսության մեկնարկը նույնպես ներառված է փաստաթղթում առանձին հոդվածներով: Առևտրի և ներդրումների զարգացման, մրցունակության խթանման, տնտեսական արդիականացման համար կարևոր հարցերը նույնպես արտացոլված են համաձայնագրում, խոսվում է Հայաստանի հանձնառության մասին իր օրենսդրությունն աստիճանաբար Եվրամիության օրենսդրությանը մոտարկելու մասին՝ որպես լայնածավալ բարեփոխումներին ուղղված քայլ»,- մանրամասնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը:

Կողմերը վերահաստատում են ազատ շուկայական տնտեսության սկզբունքային, կայուն զարգացման, տարածաշրջանային համագործակցության արդյունավետ բազմակողմանիության վերաբերյալ իրենց հանձնառությունը: «Փաստաթուղթը բնորոշում է քաղաքական երկխոսության և արտաքին անվտանգության քաղաքականության ոլորտում համագործակցության նպատակները: Այստեղ կարևորվում են տարբեր համագործակցության ձևաչափերում մեր երկրի մասնակցությունը և դրանից բխող պարտավորությունները»,– նշեց Կարեն Նազարյանը:

Նրա խոսքով՝ համաձայնագրի հիմքում ընկած են ժողովրդավարության արմատավորման այնպիսի կարևոր դրույթներ, ինչպիսիք են իրավունքի գերակայությունը, արդարադատության ամրապնդումը, պետական ինստիտուտների զարգացումը, լավ կառավարումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում