ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ-ն մտնում է ներդաշնակության և համաձայնության արտաքին քաղաքականության դաշտ

ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ-ն մտնում է ներդաշնակության և համաձայնության արտաքին քաղաքականության դաշտ

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը համարում է տրամաբանական, որը բխում է հայ ժողովրդի անցած պատմական ուղուց: «Չմոռանանք, որ մենք հազարամյակների ընթացքում, գտնվելով ամենաբարդ իրադրություններում, կարողացել ենք պահպանել մեր ժողովրդին հատուկ զսպվածություն, կարողացել ենք մեր հարևանների հետ ունենալ ոչ միայն նորմալ հարաբերություններ, այլ նաև տարածաշրջանային առումով ունեցել ենք մեր գնահատելի ներկայությունը»,-Ազգային ժողովում «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում ընդգծեց Սաֆրաստյանը:

Նա հիշեցրեց, որ 20-րդ դարի ամենաբացառիկ մտածողներից մեկը՝ Ֆերնան Բրոդելը, բարձր է գնահատել տարբեր քաղաքակրթություններում գոյություն ունեցող սուր ծայրերը համադրելու հայ ժողովրդի կարողությունները: «Այս առումով ես կարծում եմ, որ եվրոպական քաղաքագիտական միտքը միանգամայն պատրաստ էր նրան, որ Հայաստանն այս մակարդակով համագործակցություն կսկսի Եվրոպական Միության հետ: Մյուս կողմից՝ պետք է հասկանալ, որ Հայաստանը իր անկախությունից ի վեր վարում է արտաքին քաղաքականություն, որի օրինակները քիչ են: Սովորաբար մեզ նման փոքր պետությունները ենթարկվում են տարբեր ճնշումների, չեն ունենում իրենց քաղաքական, աշխարհաքաղաքական ուղեծիրը: Մենք կարողացել ենք ստեղծել այդ քաղաքական և աշխարհաքաղաքական ուղեծիրը և պահպանել այն»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով՝ եվրոպացիների համար շատ կարևոր է այն հանգամանքը, որ Հայաստանը ամենայն հստակությամբ կատարել է իր վրա վերցրած պարտականությունները: «Ես կարծում եմ, որ սա փոքր պետությունների համար քիչ պատահող արտաքին քաղաքականության գործունեության ձև է, որովհետև փոքր պետությունները չեն կարողանում կատարել իրենց պարտավորությունները, քանի որ սովորաբար մեծ ճնշումների են ենթարկվում»,- ասաց Սաֆրաստյանը:

Նրա գնահատմամբ՝ ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրելուց հետո Հայաստանը մտնում է մի այնպիսի արտաքին քաղաքականության ոլորտ, որը կարելի է կոչել համաձայնության և ներդաշնակության վրա հիմնված քաղաքականություն: «Ես կարծում եմ, որ այս արտաքին քաղաքական ուղեծիրը հնարավորություն կտա մեզ հետագայում, պահպանելով մեր երկրի ինքնուրույնությունը, գտնել այն հնարավորությունները, որոնք կընձեռվեն մեզ»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում