ՀՀ-ԵՄ համաձայնագիրն ունի լրջագույն ծածկույթ առևտրային և տնտեսական հարաբերությունների մասով
Նմանատիպ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը ներկայացրեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի տնտեսական հնարավորությունները:
Ազգային ժողովում «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում Գարեգին Մելքոնյանն ընդգծեց, որ համաձայնագիրն ունի լրջագույն ծածկույթ առևտրային և տնտեսական հարաբերությունների մասով: «Համաձայնագիրն առևտրի արտոնյալ ռեժիմ չի սահմանում, բայց ոլորտային և թեմատիկ ծածկույթի առումով ունի անհամեմատ ավելի մեծ և խորը ծածկույթ, քան մենք ունենք ներկայում: Համաձայնագիրը խոսում է ապրանքային առևտրում համագործակցության մասին, որը կանոնակարգում է ապրանքների, առևտրի շրջանառությանն առնչվող հարաբերությունները՝ հիմնվելով Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքների վրա»,- ասաց Մելքոնյանը:
Համաձայնագրում ամրագրվել է դրույթ պետական մասնակցությամբ ձեռնարկությունների վերաբերյալ՝ հիմնականում նախատեսելով մրցակցային մոտեցումներ: Փոխնախարարը նշեց, որ կա առանձին գլուխ թափանցիկության մասով, որը նախատեսում է ներդրումների և տնտեսական համագործակցության մասով թափանցիկության ապահովում:
Ծառայությունների մասով նախատեսվում է առավել ազատականացում, քան ներկայում կա Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում, ինչը հայկական կազմակերպություններին հնարավորություն կտա մուտք գործել եվրոպական շուկա: Ըստ Մելքոնյանի՝ ծրագրվում է առաջիկա երկու-երեք տարում բանակցել ներդրումների մասով փաստաթղթում առանձին մեկ գլուխ ունենալու հարցով, որն ուղղված լինի ներդրումների փոխադարձ պաշտպանությանը և խրախուսմանը:
Նա հավելեց, որ համաձայնագիրը ենթադրում է համագործակցություն տրանսպորտի, բնապահպանություն, զբոսաշրջության, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, առողջապահության, էներգետիկ և այլ ոլորտներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում