Օձի թույնը՝ սրտային անբավարարության, իսկ մարդու ճարպային հյուսվածքից անջատված բջիջները փոխպատվաստման դեպքում կարող են կիրառելի դառնալ

Օձի թույնը՝ սրտային անբավարարության, իսկ մարդու ճարպային հյուսվածքից անջատված բջիջները փոխպատվաստման դեպքում կարող են կիրառելի դառնալ

Սրտամկանի վնասված բջիջներին երկրորդ կյանք տվող Անդրկովկասյան գյուրզան

Գիտական գրականության մեջ փնտրելով ու չգտնելով սրտամկանային բջիջների վրա անդրկովկասյան գյուրզայի կամ դրան մոտ օձի տեսակի թույնի ազդեցության մասին որևէ տեղեկություն, կենսաբան Հովհաննես Արեստակեսյանը որոշեց անձամբ զբաղվել այդ ուսումնասիրությամբ: Նորածին` 1-3 օրական առնետներից առանձնացված սրտամկանային բջիջների վրա թույնը փորձարկելուց հետո պարզ դարձավ`օձի խայթոցի դեպքում մարդու սրտի աշխատանքի արագացումը պայմանավորված է ոչ միայն վախով, այլև թույնի ազդեցությամբ. անդրկովկասյան գյուրզայի թույնի փոքր չափաբաժինը սրտի աշխատանքն արագացնում, իսկ կծկումների ուժգնությունը թուլացնում է:

Սա 2014թ. արվող հետազոտությունների մի փուլն է միայն. հասկանալու համար, թե թույնի հատկապես որ բաղադրիչն է նպաստում սրտամկանի կծկումների հաճախակիացմանը, դրանք առանձնացնել ու առանձին-առանձին դիտարկել է պետք։ «Մենք փորձարկել ենք ընդհանուր թույնը, որի բաղադրիչները տարբեր կերպ են ազդում կուլտիվացված բջիջների վրա, իսկ որևէ նյութի ազդեցությունն ինչ-որ օրգան- համակարգի վրա տեսնելու համար, այն պետք է իզոլացնել օրգանիզմից: Դա բավականին բարդ, բայց աշխարհում տարածված պրակտիկա է: Եթե ամեն ինչ ճիշտ է արվում, 2-3 օր անց թասիկի մեջ բջիջների մոնոշերտը սկսվում է կծկվել, այսինքն` բջիջների կենսագործունեությունը շարունակվում է»,-հաջող արված աշխատանքի նախնական փուլերն ամփոփում է ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի իմունոլոգիայի և հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիայի գիտաշխատող Հովհաննես Արեստակեսյանը և մի հետաքրքիր դիտարկում ավելացնում:-Իզոլացված բջիջները նորմալ կենսագործունեության են վերադառնում, երբ կպչում են թասիկի մեջ առկա սուբստրատին: Մեծ չափաբաժնով թույնի ներգործության դեպքում այդ կապերը խզվում են, և բջիջները կարող են մահանալ, մինչդեռ փոքր չափաբաժնի դեպքում նման ազդեցություն չի լինում, հակառակը` այն դրդում է դեռևս չմահացած բջիջներին վերակագնվելու»: Սրտամկանի հյուսվածքի վնասվածքների դեպքում այդ փաստը Հովհաննեսը շատ է կարևորում, քանի որ, ի տարբերություն այլ օրգանների, սրտամկանի բջիջները չեն բազմանում:

Հետազոտությունների արդյունքները, որոնց մի մասն արել է դեռևս ասպիրանտության ժամանակ ՀՕՖ-ի գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի կողմից ստացած դրամաշնորհի միջոցներով, հրապարակել, սակայն, կենսաբանը չի շտապում. նախքան այդ՝ պետք է համոզվել, որ գյուրզայի թույնի մեջ պարունակվող C տիպի նատրիուրետիկ պեպտիդն, իրոք, խթանում է սրտամկանի բջիջների աշխատանքն ու կարող է կիրառվել դեղագործության մեջ` սրտային անբավարարության դեպքում:

Նպատակը՝  ստանալ փոխպատվաստման համար անհրաժեշտ բջիջներն ու օրգանները

Սրտամկանի բջիջների վրա օձի թույնի ազդեցությունը երիտասարդ գիտաշխատողի ուսումնասիրության առաջին, բայց միակ թեման չէ: Ուսանողական տարիներից գիտական հետազոտությունների մեջ ներգրավված Հովհաննես Արեստակեսյանն ԱՄՆ Ջ. Վաշինգտոնի անվան համալսարանի ասոցացված պրոֆեսոր Զարուհի Կարաբեկյանի կողմից հիմնադրված իմունոլոգիայի և հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիայի փոքրաթիվ աշխատակազմի հիմնական անդամներից մեկը լինելով՝ ներառված է լաբորատորիայի կողմից իրականացվող գրեթե բոլոր՝ այդ թվում նաև խիստ արդիական ու կարևոր մի հետազոտության մեջ։ Իմունոլոգիայի և հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիայում ներկայումս փորձում են մարդու ճարպային հյուսվածքից առանձնացնել ցողունային բջիջներն ու ստեղծել շտեմարան։ Վիրահատության ժամանակ հեռացվող ավելորդ, օրգանիզմի նորմալ կենսագործունեությանը խանգարող ճարպային հյուսվածքը դեն նետելու փոխարեն կենսաբանները փորձում են նպատակային օգտագործել։ Քանի որ ճարպային հյուսվածքից առանձնացված ցողունային բջիջները մուլտիպոտենտ բջիջներ են, այսինքն՝ դրանցից կարելի է ստանալ լյարդի, սրտի և այլ օրգանների բջիջներ, Հովհաննեսն ու գործընկերները փորձում են՝ նախ հասկանալ, թե հայերին բնորոշ գենոտիպով որ բջիջներն են ավելի հաճախ պետք գալիս, որպեսզի կարողանան ստեղծել ունիվերսալ բջիջների հավաքակազմ, որտեղից ցանկացած պահի հնարավոր կլինի ստանալ փոխպատվաստման համար անհրաժեշտ բջիջներն ու օգնել հիվանդին։ Բայց դրան հասնելու համար դեռ ահագին ժամանակ ու գումարներ կպահանջվի՝ հաշվի առնելով նաև այն, որ համապատասխան նոյւթատեխնիկական բազան ևս բացակայում է։
Ցողունային բջիջներից համապատասխան օրգանի բջիջները ստանալուց զատ, լաբորատորիայում մտածում են նաև այդ օրգանը ստանալու մասին։ «Օրգանների փոխպատվաստման դեպքում միայն բջիջները բավարար չեն, պետք է ամբողջական օրգան լինի, որում կտեղավորվեն դրանք: Մենք փորձում ենք ստանալ նաև նման ապաբջջայնացված օրգաններ` առնետից, ճագարից, խոզից և հասկանալ, թե այդ կաղապարային օրգանները համատեղելի կլինե՞ն արդյոք մարդու օրգանզիմի հետ, թե իմունոլոգիական ռեակցիա կառաջանա»։

Այս՝ բավականին համարձակ ու թե´ աշխատատար, և թե´ նյութատար հետազոտությունները եթե տան սպասվող արդյունքը, ապա ստացված գործող հյուսվածք-օրգանները հնարավոր կլինի փոխպատվաստել համապատասխան հիվանդներին։ Արդյունքում կփրկվեն ավելի շատ կյանքեր, իսկ հայ գիտնականների հայտնագործությունը հիանալի այլընտրանք կլինի սաղմնային ցողունային բջիջներից տարբեր օրգան-համակարգերի բջիջների ստացմանը, որն այսօր աշխարհում ընդունված, բայց միանշանակ չընդունվող պրակտիկա է։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում