ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն առաջարկել է Հայաստանին իրականացնել մի շարք ընտրական բարեփոխումներ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն առաջարկել է Հայաստանին իրականացնել մի շարք ընտրական բարեփոխումներ

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ն այցելել է Երևան՝ ներկայացնելու Հայաստանում ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցը: Այն քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, քաղաքական կուսակցությունների, կառավարության, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև միջազգային հանրության ներկայացուցիչների հետ հանդիպումների շրջանակում:

ԺՀՄԻԳ թիմը նշել է հետագա համագործակցության համար հնարավոր ոլորտները, ինչպես նաև հստակ քայլեր՝ տարբեր շահագրգիռ կողմերի առաջարկությունները կյանքի կոչելու համար:

Զեկույցի հեղինակներն առաջարկել են իրականացնել մի շարք ընտրական բարեփոխումներ, որոնք կօգնեն վերացնել քարոզարշավի անցկացման, ֆինանսավորման, բողոքարկման իրավունքի ու բողոքները ներկայացնելու վերջնաժամկետի հարցերում առկա թերությունները: Կարևորվել են հետագա այն ջանքերը, որոնք կօգնեն հաշմանդամություն ունեցող մարդկանց դառնալ ընտրական գործընթացի լիիրավ մասնակից, կավելացնեն կանանց ներգրավվածությունն ընտրական գործընթացին, ինչպես նաև կբարձրացնեն ընտրական կառավարման աշխատանքի արդյունավետությունը:

ԺՀՄԻԳ թիմն անդրադարձել է Հայաստանում ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության պակասին՝ կոչ անելով իշխանություններին քաղաքական կամք դրսևորել ընտրողների վրա ճնշում գործադրելու բոլոր միջոցների կիրառման դեմն առնելու համար:

«Գիտակցելով շահագրգիռ կողմերի պատրաստակամությունն ընտրական գործընթացի վերաբերյալ տրված հանձնարարականները կյանքի կոչելու հարցում՝ անհրաժեշտ է խոր և համապարփակ խորհրդատվություն, որպեսզի բարեփոխումները հաջող իրականացվեն»,- ասել է ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Դոնալդ Բիսսոն:

ԺՀՄԻԳ ընտրական բաժնի ղեկավար Ալեքսանդր Շլիկը ԺՀՄԻԳ անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել տրված խորհրդատվությունների կյանքի կոչմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում