Փախստականների խնդիրների լուծման տեսակետից ՄԱԿ-ը Հայաստանը համարում է ռազմավարական կարևորություն ունեցող երկիր

Փախստականների խնդիրների լուծման տեսակետից ՄԱԿ-ը Հայաստանը համարում է ռազմավարական կարևորություն ունեցող երկիր

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Գործողությունների հարցերով օգնական Ջորջ Ուիլյամ Օկոթ-Օբբոյի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարի տեղակալը կարևորել է պատվիրակության այցը, նշելով, որ փախստականների ընդունման հարցում Հայաստանը երկարամյա փորձ ունի։ Նա ընդգծել է, որ Հայաստանը մեծ ջանքեր է գործադրել թե՛ անցյալում և թե՛ ներկայում փախստականներին օժանդակելու և նրանց խնդիրները հոգալու ուղղությամբ՝ հատկապես անդրադառնալով 90-ականներին Ադրբեջանից, իսկ այնուհետև Իրաքից և Սիրիայից ներգաղթած հայ փախստականների ինտեգրման փորձին:

ԱԳ նախարարի տեղակալը մանրամասն ներկայացրել է ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումները։ Նա անդրադարձել է 2016 թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով արցախա-ադրբեջանական շփման գծում գտնվող գյուղերի բնակչության տեղահանմանը, ընդգծելով հումանիտար առաքելությամբ հանդես եկող կազմակերպությունների՝ բոլոր կարիքավորների համար հավասարապես և առանց խտրականության հասանելի լինելու անհրաժեշտությանը։ Նա իր գոհունակությունն է հայտնել Ջորջ Ուիլյամ Օկոթ-Օբբոյին՝ Արցախի Թալիշ գյուղի բնակիչներին հանդիպելու և նրանց խնդիրներին ծանոթանալու կապակցությամբ:
Աշոտ Հովակիմյանն ընդգծել է նաև, որ Հայաստանը շարունակում է օժանդակություն ցուցաբերել Մերձավոր Արևելքում հակամարտություններից տուժածներին, այդ թվում էթնիկ և կրոնական փոքրամասնություններին։

ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ փախստականների խնդիրների համար լուծումներ գտնելու տեսակետից իրենք Հայաստանը համարում են ռազմավարական կարևորություն ունեցող երկիր, բարձր գնահատելով փախստականների ինտեգրման ՀՀ փորձը, հատկապես վերջին տարիներին Սիրիայից փախստականներ ընդունելու և նրանց կրթական, սոցիալական և տնտեսական կարիքները հոգալու գործում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում