Ռուսաստան-Արևմուտք սառույցը և ՀՀ-ԵՄ համաձայնագրի հալեցնող ուժը

Ռուսաստան-Արևմուտք սառույցը և ՀՀ-ԵՄ համաձայնագրի հալեցնող ուժը

Նոյեմբերի 24-ին կնքվեց երկար սպասված ՀՀ – ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունից հետո սա Հայաստանի կողմից գլխավոր քայլն էր Եվրոպայի հետ համագործակցության խորացման ուղղությամբ: Այս հարցի շուրջ վերջին օրերի քննարկումների ժամանակ փորձագետների և քաղաքացիների ուշադրությունը հիմնականում սևեռված էր այն հանգամանքի վրա, թե Ռուսաստանը ճնշումներ է բանեցնում ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունը խոչնդոտելու համար: Նույնիսկ տեսակետներ հնչեցին, թե Ռուսաստանը գործի է դրել իր քարոզչական զենքերը (նկատի ունենք ռուսական հեռուստաընկերությունների եթերից հակահայկական վերջին մեկնաբանությունները):

Սակայն մի հանգամանք գրեթե աննկատ մնաց հասարակության ուշադրությունից: Մասնավորապես չդիտարկվեց այն տարբերակը, որ այս համաձայնագրի դեպքում Ռուսաստանը ոչ թե խոչնդոտներ է ստեղծել Հայաստանի համար, այլ ընդհակառակը՝ նպաստել է համաձայնության կայացմանը: Տվյալ պարագայում հարց է առաջանում՝ եթե Ռուսաստանը կողմ էր, ապա դա ինչով էր պայմանավորված և ինչպես կարելի է բացատրել վերջին քարոզչական ակտիվացումները:

Խնդիրն այն է, որ Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերից և Ռուսաստանի կողմից Ղրիմը սեփական տարածքին միացնելուց հետո ՌԴ-ն շարունակում է կրել պատժամիջոցների ծանր բեռը: Եվ վերջին շրջանում ռուսական քաղաքականության առաջնահերթություններից է դարձել համապատասխան քայլերի ձեռնարկումը, որը կհանգեցնի երկրի ապամեկուսացմանը: Ավելին՝ Ռուսաստանում երկյուղ ունեն, որ ԱՄՆ-ը և նրա գործընկերները նոր և առավել խիստ պատժամիջոցներ կարող են սահմանել, ուստի միջոցներ են ձեռնարկում այդ վտանգը չեզոքացնելու ուղղությամբ: Այս գործընթացների համատեքստում ՀՀ-ԵՄ համաձայնագիրը հատուկ նշանակություն է ստանում:

Այսպես՝ Ռուսաստանը անհաղթահարելի խնդիրներ չհարուցելով պայմանագրի կնքման համար, ինչը կարող էր անել, փորձում է եվրոպացի գործընկերներին գործանականում ցույց տալ, թե կառուցողական է տրամադրված: Իսկ քարոզչական տրյուկների մասով կարելի է ասել, որ դրանք ընդամենը սեփական կարևորությունն ընդգծելու գործիք են, ոչ ավելին: Չէ՞ որ դա հակառակ էֆեկտ էր ունենալու և մեծացնելու էր համաձայնագրի կարևորությունը հանրության աչքերում: Նույնը վերաբերում է նաև արևմտամետների բարձրացրած ալիքին, թե Ռուսաստանը չի թողնի, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրի պատմական համաձայնագիրը:

Նարեկ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում